Հարավային Կորեան առաջարկում է ստեղծել Ասիայի միջուկային անվտանգության խորհուրդ
International newsՀարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն օգոստոսի 15-ին հանդես Է եկել Հյուսիսարեւելյան Ասիայում միջուկային անվտանգության ապահովման խորհրդակցական մարմին ստեղծելու առաջարկությամբ, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես առաջարկում եմ ստեղծել Հյուսիսարեւելյան Ասիայում միջուկային անվտանգության խորհրդակցական մարմին, որի կենտրոնական մասնակիցները կլինեն Հարավային Կորեան, Չինաստանը եւ Ճապոնիան»,- մեջբերում Է գործակալությունը Հարավային Կորեայի նախագահի խոսքը: «ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԿԺԴՀ-ն եւ Մոնղոլիան նույնպես կմասնակցեն»,- հավելել Է Պակ Կին Հեն:
Խորհրդակցական մարմնի ստեղծման՝ Հարավային Կորեայի նախագահի առաջարկությունը, մարմին, որի պարտականությունների մեջ կմտնի, մասնավորապես, Ասիայի երկրներում ատոմակայանների աշխատանքի անվտանգության ապահովումը, հնչել Է ճապոնական գաղութատիրությունից երկրի ազատագրման 69-րդ տարեդարձի առթիվ ամենամյա հեռուստատեսային ուղերձի շրջանակներում:
Բացի դրանից, Պակ Կին Հեն կրկին դիմել Է ԿԺԴՀ-ի ղեկավարությանը՝ իր միջուկային ծրագրի հետագա զարգացումից հրաժարվելու պահանջով՝ հետեւելով Ղազախստանի կամ Վիետնամի եւ Մյանմայի օրինակին, որոնք ընտրել են բացահայտության եւ բարեփոխումների քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: