«Այս ընթացքը պետք է մեր հնարավորությունները բացահայտելու սկիզբը դառնա»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Անձը, անհատը հոգեբանորեն ունի ազատության զգացողություն՝ ազատ ապրելու, շնչելու, քայլելու և այլն: Այս օրերին մեր տեսողական, լսողական ընկալումները, շարժողական ազատությունը սահմանափակվում է մեր տան պատերում:
Սա ունի թե՛ դրական և թե՛ բացասական կողմեր: Ո՞րն է բացասականը: Անհատն իր ներսում կուտակված էներգիան, իրեն՝ որպես տեսակ սպառելու, շուրջը կատարվող իրադարձությունները զգալու անհրաժեշտություն ունի, այդ ամենից այժմ բոլորս հետ ենք մնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Աննա Բադալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մարդկանց ապրած զգացողություններին:
Նա նշում է՝ մշտապես առաջ է քաշվում այն միտքը, որ բոլոր մարդիկ ունեն ինքնամեկուսացման փորձ: «Նախքան լույս աշխարհ գալը՝ մենք ինն ամիս եղել ենք ինքնամեկուսացման մեջ՝ ներարգանդային կյանքում:
Այսինքն՝ ենթագիտակցորեն այդ փորձն ունենք: Բայց այստեղ պետք է նայենք ոչ թե նորածնի, այլ հասուն մարդու հոգեբանությամբ: Օգտագործենք յուրաքանչյուր ակնթարթ՝ զարգացնելու մեր կարողությունները, բացահայտելու մեր հնարավորությունները:
Պետք է նոր բան փնտրել: Գուցե մարդիկ սկսեն զբաղվել մի գործով, ինչի մասին մինչ այս երբեք չեն էլ մտածել:
Պետք է զարգացնել ստեղծագործական ընկալումները, միտքը: Կարելի է ինչ-որ գործեր նախաձեռնել՝ ներգրավելով ողջ ընտանիքին, եթե ընտանիքը մեծ է, նրանց համար ավելի հեշտ կլինի, քան միայնակ մարդկանց դեպքում: Միայնակությունը եռակի և քառակի է հարվածում: Այստեղ ամեն ինչ կախված է անձի տեսակից, ամեն ինչ էլ կարելի է հաղթահարել»,-նշում է հոգեբանը:
Շատերին մտահոգում է, թե մարդիկ հոգեբանորեն ինչ վիճակում կհայտնվեն, երբ սահմանափակումները վերանան: «Սկզբնական շրջանում լինելու է էյֆորիկ վիճակ: Երբ սահմանափակումները հանվեն, չենք մտածելու՝ հիմա ինչպե՞ս վարվենք, ի՞նչ անենք, դա գալու է ազատության վայելքից հետո, երբ մտնենք հունի մեջ, ենթագիտակցական մակարդակում լինելու է որոշակի տհաճ նստվածք: Այս պարագայում կարևոր է, թե ինչպես անհատը կօգտագործի այդ բացասական էներգիան:
Պետք է փորձի իրեն դրսևորել տարբեր ոլորտներում»,-ասում է Բադալյանը:
Նա նշում է՝ այս ամենից հետո փոխվելու է մեր արժեհամակարգը, հոգեկերտվածքը: «Սկսելու ենք ծանր ու թեթև անել այն ամենը, ինչի միջով անցել ենք: Հնարավոր չէ, որ մեր վարքականոնները չփոխվեն, իսկ մեր հոգեկերտվածքը չգնա դեպի դրականը, իհարկե, նրանց դեպքում, ովքեր ավելի արժևորել են այն, ինչ ունեն և պատկերացրել, որ կարող են մի ակնթարթում այդ ամենը կորցնել: Լավատես մարդ լինելով՝ կարծում եմ, որ սրանից հետո պետք է շատ բան փոխվի, սկսենք ավելի կարևորել ամեն վայրկյանը, լույսի շողը, ծաղիկը, խոտի բույրը, մարդկային փոխհարաբերությունները, մեր վերաբերմունքը մեր քաղաքին և երկրին:
Խորը ներաշխարհ ունեցող մարդկանց դեպքում այս ամենը նոր կյանք գնացող ճանապարհի սկիզբը կդառնա: Ո՞վ կմտածեր, որ ամեն ինչ կարող էր այս ընթացքն ունենալ: Ուրեմն պետք է վայելել յուրաքանչյուր ակնթարթը, գույնը, բույրը:
Չպետք է շարունակենք մեխանիկորեն ապրել, այս ընթացքը պետք է աճելու, մեր հնարավորությունները բացահայտելու սկիզբը դառնա»,-եզրափակում է Աննա Բադալյանը: