Ընկերությունը դատի է տվել «Յուքոմ»-ին, ներկայացնելով մոտ 128 մլն դրամի պահանջ
EconomicsՊարզվում է, որ «Յուքոմ» ընկերության ֆինանսական վիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Եվ չի բացառվում, որ շատ շուտով ականատես կլինենք, թե ինչպես է կապի ծառայություններ մատուցող երբեմնի հսկան սնանկանում:
Խնդիրն այն է, որ օրերս պարզ դարձավ, որ «Հէքսադա» ընկերությունը «Յուքոմ» ընկերությունից մոտ 128 մլն դրամի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարան: Հայցն ընդունվել է, սակայն դեռևս առաջին նիստի օրը նշանակված չէ:
Հայցի մասին մանրամասներ պարզելու համար Orer.am-ը փորձեց կապ հաստատել կողմերի հետ, սակայն «Հէքսադա» ընկերության տնօրենի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
Չհաջողվեց հարցեր ուղղել նաև «Յուքոմ» ընկերության ֆինանսական տնօրեն Հրայր Բաբայանին, քանի որ գումարի պահանջի մասին հարցը լսելուց հետո նա անջատեց հեռախոսը, իսկ մեր հետագա զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Հիշեցնենք նաև, որ «Յուքոմ ընկերության 89 % -ը 2018-ի մայիսից գրավադրված է երեք՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում (HSBC), «Արդշին» և «Ամերիա» բանկերում։
Ստացվում է, «Յուքոմ» ընկերության գահավիժումը կանխելն այնքան էլ հեշտ չի լինի: Առավել ևս, եթե այս ամենին ավելանան ֆինանսական պահանջի մասին այլ ընկերությունների դատական հայցեր ևս:
Ամենայն հավանականությամբ, իրավիճակը դուրս կգա կառավարելիության շրջանակներից և կապի հայաստանյան երբեմնի խոշոր օպերատորից կմնա միայն բարի հուշեր, այն էլ պատմության էջերում: