«Աննախադեպության» սինդրոմն ու պատասխանատվությունից խուսափելու նուրբ արվեստը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային ժողովում երեկ քննարկվում էր Կառավարության ծրագրի 2018-2019թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Իսկ զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։
Վարչապետի զեկույցում հատուկ շեշտադրում արվեց 2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկն ընկած ժամանակահատվածի, այնպես էլ ճգնաժամի ընթացքում կառավարության որոշումների և հետագա անելիքների մասին: Սակայն որքան էլ ուշագրավ է, Փաշինյանը փորձում էր իր ելույթը կառուցել աննախադեպության առանցքի շուրջ, թե իրենց կառավարման ընթացքում հաջողվել է աննախադեպ արդյունքներ գրանցել։ Իհարկե, որոշակի ձեռքբերումներ եղել են, սակայն դրանք չի կարելի ներկայացնել որպես աննախադեպ արդյունքներ, քանի որ նման ցուցանիշներ՝ նույնիսկ ավելի բարձր, մենք ունեցել ենք նաև նախկինում, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր։
Սակայն, ինչպես միշտ, վարչապետի խոսքում այս անգամ ևս փոփոխություն չնկատվեց։ Վերջինս ամեն կերպ փորձում էր խուսափել կառավարության ունեցած սխալներին ու թերացումներին անդրադառնալուց։
Միակ մատնանշված «թերացումն» էլ ավելի շատ հիշեցնում էր ուղղակի հրահանգ իրավապահներին և առիթ՝ կռվելու դատական համակարգի հետ:
Դե, նախկինների մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Այնինչ, ավելի նախընտրելի կլիներ, որ վարչապետը կոնկրետ կետերով անդրադառնար, թե որ հարցում ինչպիսի թերացում ունեն և ինչպես են այն շտկելու։
Այդ դեպքում հանրությունն էլ կզգար, թե ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում իշխանությունները։ Իսկ այն խնդրահարույց հարցերում, որոնք գտնվում են իշխանությունների պատասխանատվության տիրույթում, վարչապետը փորձում էր ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից։
Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, թե գործարարներն են հաղթահարելու ներկայիս տնտեսական ճգնաժամը, իսկ կառավարության դերը չխանգարելն է։
Այնինչ, կառավարության՝ հաշվարկված և կշռադատված քայլերի արդյունքում (բացի վարկեր տրամադրելուց, այլ աջակցության մեխանիզմներ ևս պետք է գործի դրվեն) պետք է գործարարները կարողանան հաղթահարել ստեղծված ճգնաժամը։ Այսինքն, ճգնաժամային իրավիճակից դուրս գալը ուղիղ կախված է կառավարության գործողություններից։
Թերևս նման հայտարարություններ անելով՝ վարչապետն ապահովագրում է իրեն սպասվող անցանկալի զարգացումներից, որ եթե հանկարծ ճգնաժամն ավելի խորանա, ապա ինքը կարող է հայտարարել, որ կառավարության խնդիրն է եղել չխանգարել գործարարներին, որը արվել է, սակայն գործարարները ի վիճակի չեն եղել դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Առավել ևս, որ արդեն իսկ նշմարվում են այլ «ապահովագրական բարձիկներ»՝ նվազագույնը մինչև եկող տարվա մայիս լավ բան չսպասեք սկզբունքով: Այսինքն, գործ ունենք դարձ ի շրջանս յուր տարբերակի հետ. «Սերգո ջան, լավ չես ապրելու»: Այս անգամ՝ ուղղակի փոխված անունով. «Պողոս ջան, լավ չես ապրելու»:
Ու որպեսզի հանրության աչքում քողարկի սեփական իշխանության ունեցած սխալներն ու թերացումները, վարչապետը զարգացնում է իր կողմից սիրված դավադրությունների տեսությունը, թե ոմանք ուզում են հակահեղափոխություն անել՝ այս անգամ արդեն... կոմունալների դրոշով։
Սակայն եթե կառավարությունը կոմունալների և սոցիալական աջակցություն տրամադրելու հարցում ճիշտ և կշռադատված քաղաքականություն է վարել, ապա ինչպե՞ս կարող էր հակահեղափոխության վտանգ լինել։
Կամ հակառակը. ստացվում է, որ կառավարությունը ոչինչ էլ չէր ուզում անել, բայց զգալով «կոմունալ հակահեղափոխականության» վտանգը, տեղից շարժվեց: Այդ դեպքում, կառավարությունը շնորհակալ պիտի լինի այդ «հակահեղափոխականներին»:
Վարչապետը նաև անդրադարձավ որոշակի միֆականացված թեմաների՝ ժողովրդից գողացված գումարները հետ բերելու խնդրին, կոռուպցիային, պետական համակարգում ծվարած դավաճաններին և այլն։
Սակայն եթե մի օր այս թեմաներն իրենց հանգուցալուծումը ստանան, ի՞նչ պետք է խոսի վարչապետը։ Տպավորություն է ստացվում, թե վարչապետին ձեռնտու է, որ այս թեմաները միշտ լինեն օրակարգում, քանի որ դրանով ինքը կարող է լցնել տեղեկատվական դաշտը և իր իշխանության համար դիվիդենտներ շահել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում