«Օդում կա բացասական էներգիա, որն, այսպես թե այնպես, իր գործը կատարում է». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Մայիսի 4-ից Հայաստանում հանվեցին մարդկանց ազատ տեղաշարժի, տնտեսական մի շարք գործունեությունների և այլ սահմանափակումներ ևս: Մի քանի հայացք սրճարաններին, և պարզ դարձավ՝ մարդիկ սրտատրոփ սպասում էին սրճարանների բացմանը, ազատ տեղաշարժին, քանի որ շատերն ուղղակի չեն դիմանում անձնական ազատության սահմանափակմանը:
Չենք կարող հաստատապես ասել, որ նրանցից շատերը չունեն սոցիալական պատասխանատվություն, ակնհայտ է, որ շատերն ուղղակի հոգնել են սահմանափակումներից:
Հոգեբան Զինա Թորոսյանը նշում է՝ այն իրավիճակում, որը կար մինչև մայիսի 4-ը, չկար թափանցիկություն: «Այն բոլոր լուրերը, որոնք մենք լսում էինք, բոլորիս համար մոտ 70 տոկոսով կասկածելի էին, և մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում:
Հենց այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ մարդու հոգում բողոք էր բարձրանում, թե ինչու ես իրավունք չունեմ, ասենք, երկու-երեք ժամ դրսում անցկացնելու: Մարդն իրեն զգում է ուղղակիորեն անազատության մեջ, կաշկանդված և երբեմն մտածում է, որ սա ինչ-որ պայմանականություն է՝ որևէ այլ խնդրի հետ կապված:
Բոլորը գիտեն, որ գաղտնիությունը մարդուն ցավ է պատճառում: Սա՝ առաջին հերթին: Երկրորդ՝ ամենակարևոր խնդիրն այն է, որ նույնիսկ այն պահից սկսած, երբ սահմանափակումները մասամբ հանեցին, կան մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքի գնալ, քանի որ քաղաքային տրանսպորտը չի աշխատում, և աշխատանքի գնալ տաքսիով ուղղակի չեն կարող: Սա շատ մեծ խնդիր է, և այն մարդու հոգում բողոք է բարձրացնում:
Հիմա եկեք մտածենք, թե ի՞նչ կարող է անել մարդը, որը երկար ժամանակ զրկված է ազատությունից, ծանր մտքերի մեջ է և չի հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ ապագան մռայլ է տեսնում, պարզապես ցանկանում է մի փոքր հաճույք ստանալ:
Մենք գիտենք, որ բոլոր հաճույքները կապված են փողի հետ, իրական ուրախություններն են անվճար: Մենք, փաստորեն, զրկված էինք և՛ իրական ուրախություններից, և՛ հաճույքներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թորոսյանը:
Հոգեբանը նշում է՝ սպասված էր, որ այս իրավիճակում մարդիկ սահմանափակումների վերացումից հետո փորձելու էին դուրս գալ տանից և վերադառնալ բնականոն կյանքին: Դա գուցե սկզբնական շրջանում արտահայտվեց սրճարաններում մարդկանց հոսքով:
«Ես էլ հասցրել եմ սրճարանում մեկ անգամ պաղպաղակ ուտել և սուրճ խմել, բայց դա չի նշանակում, որ առանձնակի զգում եմ ազատությունը, որովհետև այս իրավիճակն իրոք սահմանափակել է մարդկանց ազատությունը և լուրջ ֆինանսական խնդիրներ է առաջացրել: Մայիսի 4-ից հետո մարդկանց արձագանքը սպասված էր:
Այն կարող էր էլ ավելի բուռն լինել: Այդպես կլինի այն ժամանակ, երբ կգործի քաղաքային տրանսպորտը, և մարդիկ կկարողանան էլ ավելի ազատ տեղաշարժվել»,-նշում է մեր զրուցակիցը:
Հստակ չէ, թե որքան կշարունակվի այս իրավիճակը: Շատ հարցեր միայն կանխատեսումների դաշտում են, սակայն մի բան հստակ է, որ թերևս մարդկանց հոգեվիճակում ճգնաժամը կգա այն ժամանակ, երբ նրանք կվերադառնան լիարժեք կյանքի:
Տանը մնացած մարդկանց խորհուրդ տալ, թե ինքնակրթությամբ զբաղվեք, տան կիսատ մնացած գործերն արեք, այլևս չի ստացվում, առավել ևս, որ իրենց մասին հիշեցնում են սոցիալական խնդիրները: «Յուրաքանչյուր ընտանիք այս ընթացքում ձեռք բերեց իր խնդիրները, որոնք առաջին հերթին զուտ ֆինանսական բնույթի են:
Առաջնային խնդիրն այն է, որ շատերս չենք զգում ֆինանսական կայունություն մեր ոտքերի տակ: Շատ խոցելի խավեր, անկախ իրենցից, ընկան ծանր կացության մեջ:
Ի՞նչ խորհուրդ տալ մարդկանց, որոնք ունեն օրվա հացի խնդիր: Շատ անգամ եմ ասել, որ այն մարդուն, որը կանգնած է օրվա հացի երազանքի առջև, հստակ բան չենք կարող ներշնչել: Մարդն ունի օրվա հացի երազանք:
Եթե հիմա խոսենք ամպագոռգոռ բաներից, որ պահպանեք հոգեկան հավասարակշռությունը, ուշադրություն մի դարձրեք սովից լացող ձեր երեխաներին, նրանք մեր այս խոսքերն ինչպե՞ս են ընդունելու:
Օրվա հացը կարևոր է, պետք էր առաջինը դա ապահովել: Մարդկանց պետք է խորհուրդ տալ, որ դուրս գան անցյալից, մտածեն այն մասին, թե ինչ են ուզում, որ լինի, այլ ոչ այն մասին՝ ինչ-որ չեն ուզում որ լինի:
Օդում կա բացասական էներգիա, որն, այսպես թե այնպես, ինչ-որ մի տեղ իր գործը կատարում է:
Շատ կուզեի, որ մարդիկ չունենան օրվա հացի խնդիր և իրենց մտավոր ու հոգևոր խնդիրներով զբաղվեն, իսկ հացն էլ հենց այնպես գա, բայց մեր պայմաններում, ավաղ, դա հնարավոր չէ: Շատ ընտանիքներ ծանրաբեռնված են ապրուստի խնդիրներով»,-եզրափակում է Զինա Թորոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում