Խոշորամասշտաբ տնտեսական ծրագրեր է պետք իրականացնել, այլ ոչ թե քաղաքացիների չնչին եկամուտները հաշվել. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռևս 2018 թվականից իշխանությունները մտադիր էին երկրում ներդնել համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը։ Օրերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս թեմային, ընդգծեց, որ համընդհանուր հայտարարագրումը անպայման կիրառելու են։
Եվ ուշագրավն այն է, որ վարչապետը համընդհանուր հայտարարագրման անհրաժեշտությունը պայմանավորում է կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցությունը հասցեական տրամադրելու խնդրով։ Այսինքն, եթե լիներ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, ապա սոցիալական օգնությունից չէին օգտվի այն անձինք, որոնք դրա կարիքը չունեին։
Սակայն պետք է նկատի ունենանք, որ կառավարությունը առանց համընդհանուր հայտարարագրման էլ կարող էր թիրախային սոցիալական աջակցություն տրամադրել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, իսկ այս մեխանիզմի պարտադիր ներդրումը ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծումներ է տալու։
Մի կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ստիպենք բոլոր քաղաքացիներին անցնել հայտարարագրման գործընթացով, քանի որ նրանց մեջ մտնում են մարդիկ, որոնք կա՛մ թոշակառու են, կա՛մ էլ պետության հետաքրքրության տեսանկյունից չնչին եկամուտներ են ստանում։
Նախկինում նույնպես հայտարարագրման մեխանիզմը կիրառվել է, սակայն եղել է բարձր եկամուտների որոշակի սահմանագիծ, որից ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիները ազատվում են հայտարարագրման պահանջից։
Պետք է հաշվի առնել նաև, որ կան քաղաքացիներ, որոնք հայտարարագրման գործընթացից չունեն համապատասխան պատկերացում կամ գրագիտություն։ Կամ, օրինակ՝ եթե քաղաքացին չի աշխատում, թոշակ է ստանում, ինչպե՞ս է հայտարարագրումն իրականացնելու։
Նշված խմբի քաղաքացիները ստիպված են լինելու այդ նպատակի համար լրացուցիչ գումարներ ծախսել և հաշվապահ կամ այլ մասնագետ վարձել, որոնք կարող են օգնել իրենց։
Կան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք աշխատում են օրավարձով կամ ինքնազբաղված են։ Եվ եթե մարդն ինքնազբաղված է և ստանում է որոշակի գումար, որով կարողանում է գոյատևել, ապա մի օր նրան հարցնելու են, թե որտեղի՞ց քեզ այս իրը, կամ ինչպե՞ս ես կատարել այս ծախսը և այլն։
Եթե հանկարծ անհամապատասխանություն հայտնաբերվի, ապա մարդու՝ ֆիզիկական անձի վրա ճնշում գործադրելու և նրա իրավունքները ոտնահարելու լիակատար հնարավորություն է ստեղծվում։ Եվ այս առիթը իշխանությունները կարող են օգտագործել նաև ընդդիմախոսներին ճնշելու կամ լռեցնելու համար։
Բացի դրանից, հիմքեր են ստեղծվում, որպեսզի քաղաքացիների չնչին եկամուտները կամ արտերկրից ստացված գումարները հարկվեն. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամով պայմանավորված՝ երկրի հարկային եկամուտների նվազում է սպասվում, զարմանալի չի լինի, եթե այս իշխանություններն ինչ-որ պահի գնան այդ ճանապարհով։
Մյուս կողմից, բազմաթիվ քաղաքացիներ, հավել յալ ճնշումներից, արհեստական հարկումներից և այլ խնդիրներից խուսափելու համար նախընտրելու են իրենց միջոցները դուրս բերել մեր երկրից կամ արտերկրում ծավալել իրենց գործունեությունը։
Արդյունքում կապիտալի արտահոսք է տեղի ունենալու։ Եվ եթե հաշվի ենք առնում նաև Հայաստանում բանկային գաղտնիքը ոտնահարող օրինագծերի ընդունումը, մեր երկիրն ընդհանրապես կորցնում է իր ներդրումային գրավչությունը։
Մեծ հաշվով, եկամուտների համընդհանուր հայտարարագրումը որևէ խնդիր չի լուծելու։ Ավելի նախընտրելի կլիներ, որ կառավարությունը զբաղվեր խոշորամասշտաբ տնտեսական ծրագրերով և բարելավեր քաղաքացիների կյանքը, այլ ոչ թե մեծ ռեսուրսներ և ժամանակ վատներ քաղաքացիների չնչին եկամուտները հաշվելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում