Այս պայմաններում Հայաստանի վիճակագրությունը դեռ կշարունակի աճել
AnalysisՆոր կորոնավիրուսի ծագումնաբանությունից, հայտնաբերումից մինչևօրս հասարակությանը հուզում է, երկու հարց: Առաջինը, թե՝ այդ ինչ վիրուս է, որ ողջ աշխարհը խառնել է իրար և երկրորդ, թե՝ արդյո՞ք իշխանությունները չեն օգտվում առիթից ու այն որպես մահակ չեն օգտագործում սեփական ժողովրդի դեմ: Կա նաև մեկ այլ, օդում կախված հարց, որը վերաբերում է վերազգային կազմակերպություններին, թե նրանք էլ ինչ-որ ծածուկ ծրագրեր են իրականացնում երկրներին ծանր տնտեսական հարվածներ հասցնելու և մարդկությանն ավելի կառավարելի դարձնելու համար:
Ու քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, դրանք կշարունակեն դեռ երկար ժամանակ օդում կախված մնալ ու քանի դեռ նոր կորոնավիրուսը չի թակել անհատների դուռը, կասկածը ևս կշարունակի մնալ չփարատված:
Այն թե տարբեր երկրներ ինչ մեթոդներով են պայքարում վիրուսի տարածման դեմ պարզ է դառնում վիճակագրությունից: Ու եթե զարգացած շատ երկրներում անսիմպտոմ դեպքերին ընդհանրապես ընթացք չի տրվում, ապա Հայաստանում բոլոր դեպքերը՝ սիմպտոմատիկ, թե անսիմպտոմ հայտաբերվում են, մեկուսացվում ու վարակակիրների հանդեպ բուժման բոլոր քայլերն իրականացվում:
Մտահոգիչը, սակայն, օր օրի աճող վիճակագրությունն է, որն ավելացնում է կորոնայով վարակվելու տագնապի զգացողությունը, բայց, զարմանալի է, որ հասարակությունը շարունակում է քմծիծաղով վերաբերվել դրան:
Orer.am-ը մայրաքաղաքի փողոցներում շրջող մեր հայրենակիցներից փորձեց պարզել, թե մայիսի 18-ից տանսպորտի վերագործարկման որոշումն արդյո՞ք ավելի զգոն լինելու առիթ չէ՞ , արդյո՞ք այս պայմաններում շարունակելու են օգտվել ծանրաբեռնված քաղաքային տրանսպորտից:
Մեր հարցերին, սակայն, ստացանք մտահոգիչ պատասխաններ: Հարցվածներից շատերը նշեց, որ ընդհանրապես չեն հավատում այդ վիրուսի գոյությանը, մի մասն էլ նշեցին, որ դա սովորական գրիպ է և եթե անգամ վարակվեն էլ, ինչպես նախորդ վիրուսների դեպքում, հիմա էլ կբուժվեն: Ամենաշատը, սակայն, մտահոգ էին տարեցները, որոնք պնդում էին, որ չի կարելի անլուրջ վերաբերվել և հարկավոր է պահպանել բոլոր կանոնները, որպեսզի զերծ մնան վարակվելու վտանգից:
Ստացվում է, որ այս պայմաններում Հայաստանի վիճակագրությունը կշարունակի աճել, որի մասին խոսում են նաև վերջին օրերին արձանագրված թվերը:
Արմինե Գրիգորյան