Հայաստանը շարժվում է արտաքին պարտքն ավելացնելու ճանապարհով. որքանո՞վ դա կօգնի հաղթահարել սկսված ճգնաժամը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը վարակից տուժած պետությունների տնտեսական քաղաքականության մեջ էական տեղաշարժերի է հանգեցրել։
Դրանով է պայմանավորված, որ այդ երկրների նախապես ծրագրված բյուջեներում փոփոխություններ են կատարվում։ Եվ այս հարցում Հայաստանը բացառություն չէ, քանի որ 2020թ.-ի համար ծրագրված պետական բյուջեի կառուցվածքում փոփոխություններ են արվում՝ հաշվի առնելով, որ հարկերը նվազել են, իսկ ծախսերն՝ ավելացել:
Այդ իսկ պատճառով էր, որ կառավարության ներկայացուցիչները խոսում էին 5%-ով բյուջեի դեֆիցիտն ավելացնելու ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից լրացուցիչ 260 մլրդ դրամ պարտք վերցնելու մասին։ Սակայն ճգնաժամային իրադրության երկարաձգումը և խորացող տնտեսական բարդ իրավիճակը մեծացնում են հավանականությունը, որ մինչև տարեվերջ կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի դեֆիցիտը ևս մեկ անգամ վերանայել ու էլ ավելի մեծացնել արտաքին պարտքի չափը:
Իհարկե, Հայաստանի տնտեսական դրությունը մեղմելուն ուղղված քայլերից արտաքին պարտքի ավելացումն ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներից ամենահեշտ տարբերակն է, բայց պետք է հաշվարկել, թե ինչ պայմաններով է այդ վարկը ձեռք բերվում, և արդյոք հնարավոր չէր ավելի քիչ տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ ստանալ այլ դոնորներից։
Եվ պատահական չէ, որ մասնագետներն անընդհատ բարձրացնում են այս հարցը և ընդգծում, որ ցածր տոկոսադրույքներով գումարներ ձեռք բերելու բազմաթիվ աղբյուրներ կան, բայց կառավարությունը չի գնում այդ ճանապարհով։
Իսկ ամենակարևոր հարցը վերաբերում է ներգրավված վարկային միջոցների արդյունավետ և թիրախային օգտագործմանը, ինչը շատ զգայուն թեմա է մեզ համար։
Մյուս հարցը, որը հետաքրքրում է հանրությանը, այն է, թե արդյոք վարկային միջոցներ ներգրավելու դեպքում Հայաստանը լրացուցիչ քաղաքական պարտավորություններ չի՞ ստանձնում որոշակի կոնվենցիաներ վավերացնելու կամ քաղաքական ուղեգիծ որդեգրելու հարցում։ Խնդիրն այն է, որ հանրության շրջանում գրեթե միշտ նմանատիպ հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունենում։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե Հայաստանն ի վիճակի՞ է արդյոք հետագայում կատարել իր վարկային պարտավորությունները, թե՞ ստիպված է լինելու հետագայում էժան գներով վաճառել պետական գույքը, ընդերքը և ազգային հարստությունները, որպեսզի կարողնա վճարել վարկերը։
Չէ՞ որ մենք ժամանակի ընթացքում այսպիսի դեպքերի բազմիցս ականատես ենք եղել։
Կարող են կիրառվել նաև Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելու առավել արդյունավետ տարբերակներ, որոնցից մեկն էլ դրսից ներդրումների ներգրավումն է, սակայն ելնելով կառավարության անհավասարակշիռ գործելակերպից ու ոչ բարենպաստ օրենսդրական միջավայրի առկայությունից, շատ քիչ է հավանականությունը, թե օտարերկրյա ներդրողների մոտ այս ճգնաժամային իրավիճակում հետաքրքրություն կառաջանա Հայաստանի նկատմամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում