Հայաստանում ստեղծված իրավիճակի համար նախ պատասխանատու են իշխանությունները, և հետո միայն հասարակությունը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում իրավիճակն իսկապես շատ լուրջ է, կորոնավիրուսի համավարակը մեր երկրում այդպես էլ չի նահանջում: Ամեն օր վարակվածների հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, ավելանում է նաև մահերի թիվը։
Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով Հայաստանն արդեն իսկ անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ինչպես հանգստյան օրերին խոստովանեց երկրի վարչապետը, այսպես շարունակվելու դեպքում շուտով կմոտենա նաև Իտալիայի ցուցանիշին։
Իշխանություններն ասում են, որ այսպիսի իրավիճակի հիմնական պատճառը հակահամաճարակային կանոնների ոչ ամբողջական պահպանումն է։
Իսկ սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ քաղաքացիները պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում համաճարակային ահազանգերին։ Երևի ճիշտ են ասում:
Սակայն պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին, այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներ, որոնք վարակի թիրախում էին հայտնվել, կարողացան «կոտրել համավարակի մեջքը» և արդեն թուլացնում են սահմանափակումներն ու անցնում առօրյա ռեժիմի։
Հայաստանում ստեղծված իրավիճակի համար նախ պատասխանատու են իշխանությունները, իսկ հետո նաև հասարակությունը։ Խնդիրն այն է, որ իշխանությունները պատշաճ չարձագանքեցին իրավիճակին, իսկ նրանց կողմից ձեռնարկված քայլերը փաստացի ուշացած էին։
Դեռևս հունվարի վերջին, երբ Չինաստանում մոլեգնում էր կորոնավիրուսը, Հայաստանում ստեղծվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով, սակայն այս հանձնաժողովը ժամանակին վիրուսի վտանգավոր հետևանքերի մասին անհրաժեշտ տեղեկություն ձեռքբերելու և վարակի կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, երկար ժամանակ անգործության էր մատնվել։
Իշխանությունները պատրաստվում էին ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, ու իրենց քաղաքական շահերից ելնելով՝ հակված չէին դադարեցնել բազմամարդ քարոզարշավները։
Եվ երբ ողջ աշխարհում լուրջ ահազանգեր էին հնչում վարակի տարածման կապակցությամբ, իշխող ուժի ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, անտեսում էին վարակի հնարավոր վտանգը՝ ընդդիմախոսներին մեղադրելով այդ թեմայի շուրջ ավելորդ խուճապ տարածելու մեջ։
Եվ նույնիսկ հետագա օրերին, երբ արտակարգ դրության ժամանակ կարանտին էր սահմանված, իշխանությունները հանրության հետ պատշաճ քարոզչական աշխատանք չէին տանում, որպեսզի նրանց իրազեկեին վարակի վտանգավորության և դրանից պաշտպանվելու միջոցների մասին, իսկ մամուլում հնչող ահազանգերն անտեսվում էին։
Դրա փոխարեն իշխանությունները զբաղված էին ներքաղաքական խնդիրներով ու լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելով՝ իբր թե նրանք ապատեղեկատվություն են տարածում և խուճապ են սերմանում։
Ու ներկա փուլում, երբ արդեն վարակի տարածումը նոր թափով շարունակվում է, իշխանությունները զարմանում են, թե ինչո՞ւ են քաղաքացիներն անլուրջ վերաբերվում իրավիճակին ու պատշաճ կերպով չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։
Հանրության հետ աշխատանքը պետք է տարվեր, խստացումները պետք է կյանքի կոչվեին այն ժամանակ, երբ գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Իհարկե, այս հանգամանքը չի նվազեցնում հասարակության պատասխանատվության աստիճանը, քանի որ համավարակը ցույց տվեց, որ մեզանում դեռևս չի ձևավորվել հանրային բարձր գիտակցության մակարդակ։
Բայց երբ փոքր թվերի դեպքում չես կարողանում շղթաներ կոտրել, երբ «արխայնության» հոգեբանություն ես ձևավորում, ժամանակի հետ թափանիվը հետ պտտելն առավել դժվար է լինում: Այսօրվա վիճակը՝ վառ օրինակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում