Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան
TVԿոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները, դրանք պարետինը չեն, կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել: Այս մասին այսօր՝ վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը:
Մուսեյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ինքը թողել է իր աշխատանքն ու ընտանիքը Երևանում և տեղափոխվել Արտաշատ։
«Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է։ Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության, անփութության և ըմբոստության մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեր համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները, դրանք պարետինը չեն, կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդությանը, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,- նշեց նա: