Ո՞րքանով ենք կարողացել օգտվել ճգնաժամի «տնտեսական հնարավորություններից». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսական առումով Հայաստանը ծանր իրավիճակի առաջ է կանգնած։ Ընդամենը երկու ամիս ժամանակ պահանջվեց, որպեսզի իշխանությունների կողմից հռչակված «տնտեսական հեղափոխությունն» ի չիք դառնա։ Այսինքն, թեզը, որովհետև այն ի սկզբանե մասնագետները գնահատել էին ուտոպիստական, իսկ իշխանությունները դրան գոնե մոտենալու համար անգամ քայլեր չէին անում:
Հիշում ենք, թե մի քանի ամիս առաջ ինչպիսի ջանասիրությամբ էր վարչապետն իր ֆեյսբուքյան էջով տարածում տնտեսական ցուցանիշների տվյալներ՝ հաճախ օրվա մեջ մի քանի անգամ, որպեսզի ցույց տա, թե «տնտեսական հեղափոխությունը» դեռևս ուժի մեջ է։
Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսության մեջ սկսեցին նկատվել առաջին ցնցումները, ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե ճգնաժամը իր հետ բերում է նաև հնարավորություններ, և համաշխարհային տնտեսության մեջ ու շուկաներում տրիլիոնավոր դոլարների հասնող ազատ դաշտ է բացվում, որից պետք է կարողանալ օգտվել։
Սակայն Փաշինյանի՝ ընդամենը մի քանի ամիս առաջվա լավատեսական նոտայից ոչինչ չի մնացել։ Քաղաքացիներին մշտապես «թվախեղդ անող» Փաշինյանը տևական ժամանակ տնտեսական ցուցանիշների մասին հետևողականորեն լռում է և այլևս հրապարակումներ չի անում իր ֆեյսբուքյան էջում։ Խնդիրն այն է, որ տնտեսությունը սկսել է գահավիժել։
Անկում է գրանցվում գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես նվազել է արտահանումը։ Այս տարվա առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, Հայաստանից արտահանվել է 692 մլն դոլարի ապրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 8,1 տոկոսով։
Այս տարվա չորս ամիսների հաշվարկով՝ խոշոր ապրանքախմբերից աճել է միայն հանքահումքի արտահանումը, սակայն հանքահումքի արտահանման խթանմամբ, խոշոր հաշվով, հնարավոր չէ երկրի համար լուրջ տնտեսական հարց լուծել։
Առկա իրավիճակում տնտեսության ապագան մրցունակ արտադրանքի ստեղծումն է ու տեխնոլոգիական նոր լուծումների ու նորարարությունների կիրառումը։ Սակայն տնտեսության զարգացման նոր ուղղություններ գտնելու փոխարեն, մենք ի վիճակի չենք լինում մրցունակ արտադրանք թողարկել։
Իսկ այս օրերին իշխանություններն ակտիվորեն պրոպագանդում են, թե երկրում դիմակների խոշոր արտադրություն է սկսվել, բայց պետք է հաշվի առնել, որ դիմակների նկատմամբ պահանջարկը ժամանակավոր է, և համաճարակի ավարտից հետո դրանք էլ անհրաժեշտ չեն լինելու։
Հայաստանին համալիր լուծումներ են պետք տնտեսության մեջ՝ նոր ռեսուրսների ներդրում այնպիսի ոլորտներում, որոնք երկարաժամկետ կտրվածքում մեծ արդյունքներ են խոստանում։
Ստացվում է, որ իշխանությունների գնահատմամբ ճգնաժամը նոր հնարավորություններ բացեց Հայաստանի համար նոր շուկաներ մուտք գործելու և արտադրություն կազմակերպելու հարցում, բայց մեր երկիրն ի զորու չեղավ և չէ օգտվել այդ իրավիճակից։ Դեռ ավելին, հայկական արտահանողներն ու ներմուծողներն այս օրերին խնդիրների առաջ են կանգնում։
Պարզվում է՝ այդ ընկերությունների համար խոչընդոտներ են հարուցվում անցակետերում, մասնավորապես Վերին Լարսի անցակետում, իսկ նրանք ստիպված են լինում սպասել, որը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտահանման և ներմուծման արդյունավետ կազմակերպման համար։
Եվ այս ճգնաժամային իրավիճակում, երբ հատկապես նվազել են մեր երկիր տրանսֆերտային մուտքերը, Հայաստանի համար լրացուցիչ արժույթ ձեռք բերելու հիմնական տարբերակը արտահանման խթանումն է։ Սակայն արտահանումը չպետք է տեղի ունենա մեր ներքին պահանջարկի հաշվին, այլ այն բավարարելուց հետո։
Իսկ առաջիկայում Հայաստանից բերքի, մասնավորապես պտուղ-բանջարեղենի ակտիվ արտահանման սեզոնն է։
Անհրաժեշտ է, որ կառավարությունը արդեն իսկ սկսի մտածել, թե ինչ քանակությամբ բերք ենք ունենալու, ինչքան է պետք մեր պարենային պահանջների բավարարման համար, ու մեխանիզմներ մշակի բերքի մի մասի արտահանումը արդյունավետ կազմակերպելու նպատակով, այնպես որ արտահանման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտներ չստեղծվեն և բերքը չփչանա։ Եթե առաջնային հարցերի մասին մտածելու ժամանակ ունենան, իհարկե...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում