Պատկերացրեք կյանքն առանց շոկոլադի… Մի քանի տարի հետո այդ քաղցրավենիքը կարող է անհետանալ ձեր մթերքների ցանկից: Աշխարհի 2 առաջատար արտադրողները՝ ամերիկյան Mars Inc և շվեյցարական Barry, հաշվարկել են, որ 2020թ-ին կակաոյի պահանջարկը 1մլն տոննայով կգերազանցի առաջարկը:
Կակաոյի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին 2 տարիների ընթացքում կակաոյի հումքի գինն ավելացել է 60%-ով:
Լոնդոնյան Master Chocolatier խանութի հրուշակագործ Պոլ Յանգը պատմում է, թե ինչ է տեղի ունենում.-«Երբ խոշոր անդրազգային ընկերությունները չեն կարողանում կակաո գնել Արևմտյան Աֆրիկայում, նրանք սկսում են հումք փնտրել ամենուր և գտնում են վայրեր, որտեղ կարելի է մեծ քանակությամբ կակաո գնել: Սակայն երբ այդ երկրները տեսնում են կակաոյի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը, նրանք անմիջապես բարձրացնում են գները,որն էլ անմիջականորեն անդրադառնում է իմ և իմ հաճախորդների վրա» :
Կակաոյի միջազգային կազմակերպության գնահատմամբ, կակաոյի հումքի դիֆիցիտը պահպանվում է 6 տարի անընդմեջ: Կակաոյի համաշխարհային արտադրության 70 %-ը բաժին է ընկնում Կոտ դ' Իվուարին և Գանային: Այս տարի երաշտի և բույսի հիվանդության պատճառով ոչնչացավ կակաոյի համաշխարհային բերքի 30-40%-ը: Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակը բացասաբար է անդրադառնում ֆերմերների վիճակի վրա:
Հարավային Ամերիկան՝ շոկոլադի հայրենիքը, այսօր ավելի շատ պահանջարկ ունի, քան արտադրում է, օրինակ՝ Բրազիլիան կակաո արտահանող երկրից դարձել է կակաո ներկրող երկիր: Ասիայում պահանջարկն աճում է 7 անգամ ավելի արագ, քան Եվրոպայում:
Այնպես որ, մասնագետները չեն բացառում, որ մոտ ապագայում սպառողները ստիպված կլինեն փոխել իրենց սովորությունները: Իսկ շոկոլադը կդառնա թանկարժեք դելիկատես, ինչպես սև իկրան: