Լրահոսում անդադար քաղաքական «գաղջն» է և շոու-բիզնեսի ռեյտինգային թեմաները: Բայց վերջերս Orer.am կայքի լրագրողը հանդիպեց մի լուսավոր կետի: Եվ այդ կետը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանն էր: Հանդիպումը կայացավ Գրողների միությունում: Սիրված արտիստուհին ասմունքեց եղեռնի նահատակ գրողների՝ Վարուժանի, Սիամանթոյի և Գրիգոր Զոհրապի գործերից: Եղեռնի թեմատիկան շատ էր տիկին Վարդերեսյանի ասմունքի և պատմությունների մեջ, բայց մեկ է՝ նրան հանդիպելը արդեն լուսավոր իրողություն է մեր օրերում: Ժողովրդական արտիստուհին պատմեց Ռումինիայում իր անցկացրած մանկության և Բուխարեստի հայկական վարժարանում սովորելու տարիների մասին: Նա հիշեց, որ այդ տարիներին մի անգամ՝ Նոր տարվա շեմին երեխաներին ասացին իրենց սպասվող նվերի մասին: Մի բարի մարդ ուղարկել էր կտորներ, որոնցով փոքրիկներին պետք է վերարկու կարեին: Այդ դժվար տարիների համար դա մեծ ուրախություն էր: Վարդուհի Վարդերեսյանը ասաց, որ հետո իրենց հրավիրեցին այդ բարերարի տուն, որպեսզի նշեն ամանորը: Ըստ մեծանուն արտիստուհու՝ մինչ այդ նա չէր տեսել նոր տարվա ճոխ տոնածառ և այն՝ իր զարդարանքով հիացրել էր փոքրիկ Վարդուհուն: Հետո տանտերը հյուր եկած երեխաներին հուշանվերներ տվեց: Փոքրիկ Վարդուհին՝ այսօրվա մեծ դերասանուհին ստացավ տիկնիկ: Այդ բարի մարդու անունը, ով տոն էր պարգևել մանուկներին, Լևոն Զոհրապ էր: Տարիներ անց Վարդուհի Վարդերեսյանը իմանում է, որ խոսքը ցեղասպանության զոհ, գրող Գրիգոր Զոհրապի որդու մասին է: Այս հետաքրքիր պատմությունները և տիկին Վարդերեսյանի ասմունքը ուղեկցվեցին երգիչ, երգահան Արսեն Համբարյանի և օպերային երգչուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյաինի, ինչպես նաև ալ երաժիշտների կատարոմներով: Տիկին Վարդերեսյանի կողքին էին և իրենց ասմունքով հանդիսատեսին մեծ բավականություն պատճառեցին նաև դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը և Ագնեսսա Շահնազարյանը, որոնք նույնպես ջերմ բրավոների արժանացան:
Լևոն Փանոսյան