Ճգնաժամի ֆոնին՝ դեպի քաոս. վտանգավոր մեսիջներ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Համաճարակը բարդ իրավիճակ է ստեղծել ողջ աշխարհում, սակայն կախված մի շարք երկրներում վարակի տարածման ահագնացող տեմպերից՝ ճգնաժամն ավելի սուր բնույթ է ստանում։ Եվ այդպիսի երկրներից մեկն էլ Հայաստանն է, որը բնակչության համամասնությամբ վարակվածների թվով տարածաշրջանում շարունակում է մնալ առաջատարի դիրքերում, իսկ աշխարհում արդեն վատագույն տասնյակում է։
Ավելին, համաճարակի դիրքերի թուլացում մոտ ապագայում դեռևս տեսանելի չէ, ու ինչպես խոստովանում է նաև վարչապետը, երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր։
Սակայն որքան երկար է Հայաստանը մնում առողջապահական ճգնաժամի մեջ, այնքան շատ տնտեսական վնասներ է կրում։ Այնինչ, աշխարհի շատ երկրներ արդեն իսկ մտածում են տնտեսության վերականգնման և զբոսաշրջությունը խթանելու մասին։
Չնայած որ կառավարությունը սոցիալական աջակցության փաթեթներով բնակչության որոշակի հատվածների փորձում է աջակցություն տրամադրել, սակայն քաղաքացիների մեծամասնության սոցիալական և ֆինանսական դրությունը շարունակում է վատանալ։ Գործազուրկների թիվն օրեցօր ավելանում է։
Այդ մասին երեկ հաստատեց նաև վարչապետը՝ թեկուզ հույս փայփայելով, որ փակված աշխատատեղերը հնարավոր կլինի վերականգնել: Գործազրկության աճին զուգահեռ այն քաղաքացիները, որոնք ամեն տարի սեզոնային աշխատանքի էին մեկնում արտերկիր՝ մասնավորապես Ռուսաստան, դեռևս երկար ժամանակ հնարավորություն չեն ունենա աշխատանք գտնել արտերկրում և տրանսֆերտների տեսքով գումարներ ուղարկել Հայաստան։
Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Հայաստանում կյանքի թանկացում է սպասվում։ Շուկայում գնաճային տրամադրություններ են նկատվում, իսկ արտադրողների համար բարձրանում է գազի գինը, որը շղթայակամ թանկացումներ է խոստանում։ Իսկ այսպիսի իրադրության պայմաններում, երբ իրավիճակը շատ լուրջ է, ի՞նչ ելքեր են առաջարկում իշխանությունները։
Կառավարությունը ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքը համարում է կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը, որոնք անցյալ տարի թերակատարվել էին։ Բայց կապիտալ ծախսերի իրականացումը դեռևս շատ քիչ է, որ հնարավորություն տա հաղթահարել ճգնաժամի հասցրած վերքերը։
Իսկ ներդրումների փոխարեն իշխանությունների մյուս հույսը արտերկրից վարկերի ներգրավումն է, որը խոստանում է արտաքին պարտքի բեռի էլ ավելի ծանրացում։
Քանի որ ճգնաժամը հաղթահարելու հարցում դեռևս տեսանելի քայլեր չեն նշմարվում, ապա երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի ծանրացումը բնականաբար հանգեցնում է համատարած դժգոհությունների։ Իսկ առկա դժգոհություններն ավելի են խորանում, երբ իշխանության կողմից ճնշումներ են բանեցվում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ բողոքի դուրս եկած քաղաքացիները բերման են ենթարկվում ոստիկանություն։
Եվ պատահական չէ, որ ընդդիմության շրջանում ձևավորվում է այն տեսակետը, որ արտակարգ դրության երկարացումն օգտագործվում է իշխանության կողմից դժգոհողների ձայնը լռեցնելու և հավաքներ թույլ չտալու համար։
Հատկանշական է, որ պարետատան նիստից հետո արդեն ավանդական դարձած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Դեռ հարց է, թե հնարավորության դեպքում հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդները ավելի շուտ և ավելի շատ, մեծաքանակ հանրահավաքներ կանեն:
Դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի արագ հարցեր կլուծեին»։
Վարչապետի հայտարարությունն ավելի մեծ նշանակություն է ստանում այն համատեքստում, որ իշխանության որոշ համակիրներ ընդդիմության ներկայացուցիչներին և դժգոհող քաղաքացիներն ակնարկում են դեմ առ դեմ փողոցում հանդիպելու մասին։
Թեև այսպիսի մոտեցմամբ վարչապետը փորձում է ցույց տալ, թե ինքը հանրության շրջանում շարունակում է բարձր վստահության մակարդակ ունենալ, սակայն այն իր մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում։ Հանրությանը փողոցում դեմ հանդիման հանելու, հասարակության փողոցային մրցակցության միտքն անգամ սոսկալի է:
Ստացվում է, որ ճգնաժամի խորացման ֆոնին երկրի վարչապետ Փաշինյանը մեսիջներ է ուղարկում՝ հանրության հատվածների փողոցային առճակատման դեպքում հաղթող-պարտվողի առումով։
Սա պարզապես անթույլատրելի միտք է, եթե նույնիսկ խոսքը տարբեր վայրերում հավաքների մարդաշատության մրցակցության մասին է: Այստեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու: Սա երկիրը դեպի քաոս տանելու ամենաուղիղ ճանապարհն է, եթե ավելի վախենալու ձևակերպում չտանք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում