Հայաստանի տնտեսական կորուստների վերաբերյալ կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ներկայումս Հայաստանը ծանր ժամանակաշրջան է ապրում։ Համավարակի չմարող ալիքով պայմանավորված՝ տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։ Եվ ժամանակի ընթացքում տնտեսական կորուստների վերաբերյալ կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում։
Եթե ճգնաժամի սկզբնական փուլում կանխատեսվում էր, թե Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականին կլինի մինչև 2 տոկոս անկման սահմաններում, ապա ներկայիս փուլում այդ կանխատեսումներն առավել մտահոգիչ են։
Կենտրոնական բանկի 2019 թ. գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է իրենց գնահատականները, որոնց համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2020թ. բացասական կլինի, սակայն նախկին կանխատեսումներից զգալիորեն ցածր։
Թե կոնկրետ թվային ցուցանիշով որքան կնվազի ՀՀ ՏԱՑ-ը, այս պահին դժվար է կանխատեսել, սակայն եթե դիտարկում ենք աշխարհի մակարդակով կանխատեսումները, արդեն մոտավոր պարզ է դառնում։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, 2020 թ. համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 4,9 %, ինչը 1,9 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլ յան կանխատեսումը (3%)։
Եվ հաշվի առնելով Հայաստանի շարունակվող տնտեսական դժվարությունները՝ բացառված չէ, որ մեր տնտեսության անկումը ավելի խորը լինի, քան համաշխարհային տնտեսության անկման ցուցանիշը։
Եվ այս ֆոնին ուշադրության է արժանի, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ ցուցանիշների համաձայն, 2020 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 12,8%-ով։
Համեմատության համար նշենք, որ ապրիլ ամսին, ըստ Վիճկոմիտեի ճշգրտված տվյալների, տնտեսական ակտիվությունը նվազել է 16,3%-ով։
Եվ ինչպես երևում է, մայիսին անկումը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա այն ցուցանիշը չէ, որ պետք էր ակնկալել։
Հաշվի առնելով, որ ապրիլին կարանտինային ռեժիմի ընթացքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ դադարեցված էին, ապա մայիսին սահմանափակումները հանվելուց հետո պետք է որ անկումը զգալիորեն կրճատվեր։
Ուշագրավ է, որ անկում են ապրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Տոկոսային առումով ամենախոր վայրէջքը շինարարության ոլորտում է։ Այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալները նվազել են 27%-ով՝ կազմելով 23,4 մլրդ դրամ։
Անկման տեմպերը հատկապես մեծացել են ծառայությունների ոլորտում, որի շրջանակում հյուրանոցները, ռեստորաններն ու զբոսաշրջային գործակալությունները ամենաշատ տուժողներից են։ Այս տարվա մայիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, ծառայությունների ծավալը նվազել է 19,4%-ով:
Այնպես որ, Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում այսպիսի անկումային տրամադրությունները չեն կարող չազդել քաղաքացիների կյանքի որակի վրա, քանի որ տնտեսական դժվարություններին համընթաց նվազում են բնակչության եկամուտները, աճում է գործազրկության տոկոսը։ Իսկ այս ամենի արդյունքում երկրում սպասվում է սոցիալական լարվածության աճ և դժգոհությունների կուտակում։
Սակայն իշխանությունները փոխանակ մշակեն համապատասխան ռազմավարություն՝ հասկանալու համար, թե ինչ ուղիներով է անհրաժեշտ հաղթահարել տնտեսական ճգնաժամը և երկիրը սոցիալ-տնտեսական ցնցումներից զերծ պահել, զբաղված են սեփական քաղաքական հակառակորդների հանդեպ բռնաճնշումներ իրականացնելով և հայտարարելով, թե Հայաստանում տնտեսական իրավիճակն այնքան ծանր չէ, ինչքան ներկայացնում է ընդդիմությունը։
Այսպես, 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե Հայաստանում սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ չկա։
Ինչպես երևում է, իշխանությունները տնտեսական ճգնաժամի վտանգներին այնպիսի անլրջությամբ են վերաբերվում, ինչպես սկզբնական փուլում վերաբերվում էին կորոնավիրուսի վտանգին, և բոլորս տեսանք, թե վերջում ինչ եղավ դրա արդյունքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում