Որո՞նք են համավարակի քաղաքական հետևանքները. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Միջազգային և ներքաղաքական շրջանակների կողմից այս փուլում շատ է խոսվում, թե կորանավիրուսի համավարակը քաղաքականացվում է։ Կարծում ենք, որ սա բնական երևույթ է, քանի որ պանդեմիան ազդել է հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ սկսած առողջապահությունից վերջացրած պարենային ապահովումով։
Տարբեր կանխատեսումներ են արվում, թե իրադարձություններն ինչ սցենարով կարող են զարգանալ, բայց համավարակն արդեն հասցրել է դառնալ քաղաքական գործիք, և դրանով է պայմանավորված, որ աշխարհում առկա որոշ հակասություններ սկսել են առավել սուր դրսևորումներ ունենալ։
Օրինակ՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են խորանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակասությունները և տնտեսական մրցակցությունը։ Նույնիսկ արդեն խոսվում է փոխադարձ պատժամիջոցների սահմանման մասին։
Հզոր երկրները ցանկանում են հետկորոնավիրուսային աշխարհում առավել ամրապնդել իրենց դիրքերը, որն էլ շահերի բախման պատճառ է դառնում։ Հենց այդպիսի իրավիճակի ստեղծման արդյունքում է, որ նավթի համաշխարհային գները գահավիժեցին իրենց պատմական մինիմումին։
Այնուամենայնիվ, նկատի ունենանք, որ համավարակն ամենից շատ ազդել է երկրների ներքաղաքական կյանքի վրա։ Եվ կարծես թե ներկայիս ճգնաժամային իրավիճակը փորձաքար է դարձել քաղաքական ուժերի և մասնավորապես գործող իշխանությունների համար։
Եվ ինչքան կազմակերպված ու համակարգված ձևով են իշխանությունները կարողանում պայքարել համավարակի տարածման դեմ և զուգահեռ դնում տնտեսական վերականգնման հիմքերը, այնքան իշխող թիմի վարկանիշը բարձրանում է։
Իսկ եթե իշխանությունները թերանում են ճգնաժամի դեմ պայքարում, ապա նրանք կորցնում են իրենց հանրային վստահության պաշարը, և եթե հետևություններ չանեն, ապա իրենց նկատմամբ հանրային և քաղաքական ճնշումը շարունակաբար կմեծանա։
Այս հարցում զգայուն են հատկապես այն երկրները, որտեղ այս տարի ընտրություններ են սպասվում։ Ճիշտ է՝ Հայաստանում այս տարի խորհրդարանական ընտրություններ չկան, բայց համավարակն էականորեն ազդել է իշխանությունների վարկանիշի վրա։
Խնդիրն այն է, որ իշխանությունները չկարողացան ճիշտ ժամանակին արդյունավետ միջոցներ ձեռնարկել համաճարակային ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ և աչքի ընկան փնթի, հախուռն ու ոչ համակարգված գործողություններով։
Իսկ հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ ամեն օր հարյուրներով ավելանում է վարակվածների թիվը, նոր մահեր են գրանցվում, իսկ տնտեսությունը գտնվում է անկումային տրամադրության մեջ։ Ըստ ԿԲ-ի կանխատեսումների, Հայաստանն այս տարի -4 տոկոս տնտեսական անկում է ունենալու։
Օրեցօր համալրվում է նաև գործազուրկների բանակը։ Եվ պատահական չէ, որ 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրներում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է հենց Հայաստանում ՝ 17,9 տոկոս:
Եվ երբ արդեն ճգնաժամը խորը արմատներ է գցել մեր երկրում, իշխանությունները որոշել են տնտեսական վերականգնման ծրագիր մշակել։ Մասնավորապես վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիրռազմավարության մշակման հարցում: Այնինչ այդ ծրագիրը ճգնաժամի սկզբնական փուլից պետք է մշակված լիներ և արդեն իսկ գործողության մեջ դրվեր։
Եվ երբ արդեն ճգնաժամը խորը արմատներ է գցել մեր երկրում, իշխանությունները որոշել են տնտեսական վերականգնման ծրագիր մշակել։ Մասնավորապես վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիրռազմավարության մշակման հարցում: Այնինչ այդ ծրագիրը ճգնաժամի սկզբնական փուլից պետք է մշակված լիներ և արդեն իսկ գործողության մեջ դրվեր։
Եվ այստեղ է, որ ակտուալ է դառնում ճիշտ ժամանակին արձագանքելու նշանակությունը, քանի որ ուշացած որոշումներն ու քայլերը շատ ժամանակ անկարող են լինում փոխել իրավիճակը։
Իսկ ճգնաժամային իրադրության բարդացումն անպատճառ իր քաղաքական հետևանքները կունենա իշխանությունների համար։ Դրանով է պայմանավորված, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիոն գործընթացներ են գնում, որի գլխավոր նպատակը իշխանափոխությունն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում