Բաղդադում սպանել են Իրաքի կառավարության հակաահաբեկչության հարցերով խորհրդականին
International newsԲաղդադում անհայտ անձինք սպանել են Իրաքի կառավարության հակահաբեկչության հարցերով խորհրդական Հիշամ ալ-Հաշիմիին: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Նշվում է, որ երկու մոտոցիկլետից կրակ են բացել խորհրդականի վրա։ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը և վարչապետ Մուստաֆա Աբդ ալ-Քազեմիին ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքին և խոստացել են անել հնարավոր ամեն ինչ հանցագործությունը բացահայտելու համար:
Իրաքի կառավարության խորհրդականի մահվան մասին լուրը առաջինը հաղորդել է «Ալ-Սումարիա» հեռուստատեսությունը։
Ըստ աղբյուրի՝ Հիշամ ալ-Հաշիմին սպանվել է մայրաքաղաքի արևելքում՝ Զույունի շրջանում գտնվող իր տան մոտ: Դեպքից անմիջապես հետո Հաշիմիին հոսպիտալացրել են, սակայն հիվանդանոցում մահացել է: Նա 47 տարեկան էր:
Իրաքի վարչապետն ու նախագահը դատապարտել են սպանությունը:
Վարչապետը խոստացել է, որ հանցագործները կպատժվեն: Նրա խոսքով՝ Հաշիմիին մեծ աջակցություն է ցուցաբերել իրաքյան զինված ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Հիշամ ալ-Հաշիմին իրաքյան ոչ կառավարական խորհրդատվական կազմակերպություններից մեկի անդամ էր, որտեղ ներգրավված էին գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։
Նա հրատարակել է մի քանի գրքեր՝ ծայրահեղականության հիմնախնդիրների և «Իսլամական պետության» ձևավորման վերաբերյալ: