«Ամբողջությամբ հակառակն է իրականացվում». անլրջություն, ֆորմալիզմ և արժեք չունեցող արտահայտություններ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանում և զարգացում: Համահայկական ներուժի համախմբում ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման, բռնությունից զերծ հանրություն, իրավունքի և օրենքի գերակայություն, օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու բացառում: Թվարկվածները տեղ են գտել ազգային նպատակների ու համակեցության կանոնների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ազգային անվտանգության նոր ռազմավարության առթիվ էր ու տեղ է գտել նաև բուն փաստաթղթում: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է մի շարք հասարակական, քաղաքական գործիչների հետ: Նրանց մեծ մասը վերոնշյալ գաղափարները խոսքի, գործի և առկա իրականության զուգորդմամբ է դիտարկում:
«Շատ ֆորմալ, իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ»
«Կարծում եմ՝ թե՛ ելույթը, թե՛ Ազգային անվտանգության հայեցակարգը, որը դեռ մասամբ եմ կարդացել, առանձնապես մեծ նշանակություն չեն կարող ունենալ։ Դրանք շատ ֆորմալ, իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ են: Օրինակ` մեծագույն փարիսեցիություն է այսօր խոսել օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, երբ Նիկոլ Փաշինյանի չսիրած մարդկանց, չասենք` թշնամիների, գլխին քրեական հոդվածները բառացիորեն սարքվում են, իսկ Փաշինյանին օժանդակած հանցագործներն ազատության մեջ ֆռֆռում են։ Եվ, ընդհանրապես, երբ ներկա պահին ոտնահարվում են ոչ միայն օրենքները, այլև ոչնչացվում, կամայական մեկնաբանությունների ու կամայական փոփոխությունների է ենթարկվում հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, այս ամենը պարզապես լուրջ չէ։ Խոսել ազգային ինքնության վերականգնման, համահայկական ներուժի համախմբման մասին և, միաժամանակ, հետապնդումների ենթարկել եկեղեցին, պարզ ցինիզմ է։ Իսկ, օրինակ` օտարերկրյա շահերի ներկայացուցիչների մասին հիմա խոսելը մոտակա ապագային միտված պարզ խորամանկություն է։
Գաղտնիք չէ, որ Փաշինյանի շրջապատի մի մեծ խումբ սնվել և սնվում է օտար ֆոնդերից ու նրանց համար աշխատանք է կատարում: Այսինքն, այդ օտար շահերի ներկայացուցիչները նրա կողքին են, նրանց հետ նա ամեն օր շփվում է: Սակայն հիմա, երբ սկսում են խոսել օտարերկրյա շահերի մասին, առաջին հերթին ի նկատի ունեն Ռուսաստանը, որի նկատմամբ Փաշինյանը մի փոքրիկ դավադրություն է պատրաստում. փորձելով Հայաստանում եղած բոլոր գործոններին, Հրայր Թովմասյանից մինչև հայ ժողովուրդ, մեղադրել իր ձախողումների մեջ, Փաշինյանը պատրաստվում է այժմ էլ Ռուսաստանին, ռուսական գործակալներին մեղադրել։
Սա տրամաբանական չէ, լուրջ չէ, բայց, երևի թե, Փաշինյանի կողմից մեղադրվելու վերջին, ճարահատյալ «մատերիալն» է»,-մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Նման լեգիտիմությամբ նման մեծ-մեծ մտքեր ու փաստաթղթեր տարածելն անլուրջ է»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ երկու հռետորական հարց առանձնացրեց: Առաջինը՝ ովքե՞ր են գրել հայեցակարգը, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում ազգ բառի տակ:
«Իրենց խոսքերով ասեմ՝ ներկայացրել են ազգային գաղափարախոսությունը: Բայց մի քիչ շատ բարձր նշաձող են իրենց համար վերցրել, որովհետև ազգային գաղափարախոսությունը գրելը հեշտ չէ: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, թե ովքե՞ր են գրողները, և այդ էկլետիկ մտքերի հավաքն ի՞նչ է նշանակում:
Բացի այդ, պետք է հասկանալ հետևյալը. ազգ բառի տակ հասկանում են էթնո՞սը, թե՞ պետությունը: Եթե պետությունը, ապա պետության առաջ ի՞նչ ռազմավարական խնդիրներ են դրված, որ արդեն դրանից ելնելով՝ կազմեն որևէ փաստաթուղթ, հայեցակարգ, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա:
Բայց ովքե՞ր են կազմել, ի՞նչ աշխարհայացք ունեն, եթե այս առումով գնահատականներ չկան, ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը: Երկրորդ՝ մի բան է շատ դեպքերում միմյանց հակասող, տարբեր տեղերից հավաքված ինչ-որ կետեր գրելը, մեկ ուրիշ բան՝ դրանց իրականացումն արդեն իրական կյանքում:
Իսկ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում հակառակն է լինում: Օրինախախտումներ, սահմանադրախախտումներ, ներազգային պառակտումներ և այսպես շարունակ: Բացի այդ, եթե ազգը պետությունն է, ապա գլխավոր մարմինը խորհրդարանն է: Իսկ մենք տեսնում ենք, որ խորհրդարանում հավաքված են հիմնականում մտավոր առումով նվաստները: Իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը:
Բայց նման խորհրդարանը նման ռազմավարություն իրականացնող մարմին չի կարող լինել: Խորհրդարանի լեգիտիմություն՝ նշանակում է նաև ունենալ քաղաքական իրավիճակի արտապատկերը, մինչդեռ այն վաղուց չի ներկայացնում Հայաստանի քաղաքական խճանկարը: Նման լեգիտիմությամբ նման մեծ-մեծ մտքեր ու փաստաթղթեր տարածելն արդեն անլուրջ է:
Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ավելի քան երկու տարվա ընթացքում գործող իշխանության հիմնական խնդիրը ոչ թե երկրում ինչ-որ բան փոխելն է, այլ պարզապես ինչ-որ գաղափարներ գցելն ու դրանցով հանրությանը զբաղեցնելը:
Վեթթինգ, սահմանադրական «փոփոխություններ», որոնք, մեծ հաշվով, առանձնապես հետաքրքրություն չեն առաջացնում, իսկ սոցիալական խնդիրներն, այնուամենայնիվ, առաջին պլան են գալիս»,-շեշտեց Ս. Դանիելյանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հայեցակարգը ևս այդ տրամաբանության մեջ է:
«Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար»
Խոսելով վերոնշյալ ուղերձի մասին՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը դրանք դիտարկեց իշխանության ՝ավելի քան երկու տարվա կառավարման տեսանկյունից:
«Ավելի քան երկու տարվա գործունեության ընթացքը ցույց տվեց, որ դրանք ընդամենը նախադասություններ են, որոնք գրվում են փաստաթղթերում, սակայն իրենց համար արժեքներ չունեն: Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար: Ստում են՝ ասելով, թե լինելու է օրենքի երկիր, ստում են՝ ասելով, թե ժողովրդավարական երկիր ենք և այլն:
Ու, հավանաբար, իրենք էլ լուրջ չեն վերաբերվում իրենց գրածներին, որովհետև առնվազն գրածը և գործը իրարից էապես տարբերվում են: Մարդը, ով իր գործունեության ընթացքում ամեն ինչ արել է, որ հանրությունը բաժանվի ու հայտնվի հակադիր կողմերում, չի կարող խոսել համախմբման մասին: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը, որպես իրավական պետություն, կործանել են, հետևաբար, օրենքի երկիր, օրենքի առաջ հավասարություն ասվածներն ընդամենը խոսքեր են, բառեր, որոնք այս իշխանությունն ասում է ու գրում պարզապես ասելու ու գրելու համար:
Դրանք չեն ներկայացնում այս իշխանության մտադրությունները, ցանկությունները և անգամ տրամադրությունները: Իհարկե, չէին գրելու, չէ՞, որ պետականակործան գործունեությամբ են զբաղված:
Պարզ է, որ պետք է «օրենքի երկիր», «բոլորը հավասար են» բառակապակցություններն օգտագործեին: Իրականում ամբողջությամբ հակառակն է իրականացվում՝ անլուրջ գործողություններ են իրականացվում»,-ընդգծեց Ա. Բաբայանը:
Այս կամ այն կողմից փչող քամու առաջ ճոճվելու խնդիրը
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով, կարևոր է, որ ազգային արժեքների պահպանությանն է անդրադարձ կատարվում, բայց նա ևս շեշտում է խոսքերի և իրական հատվածում ունեցած մի շարք հարցերի մասին: «Խնդիրն այն է, որ նման անդրադարձերը պետք է հենված լինեն հատուկ ուսումնասիրությունների և արդյունքների վրա, որ այնպես չստացվի, օրինակ՝ այլ արժեքներ որպես մեր սեփականն են ներկայացնում: Մենք պետք է նշենք, թե մեզ համար ի՞նչն է էականը, ի՞նչն է ամենակարևոր արժեքը:
Եթե գտնում ենք, որ ընտանիքն է, պետք է ամեն ինչ անենք, որ այլ արժեքներ այնտեղ մուտք չգործեն: Եթե մեզ համար հայոց լեզուն համարվում է արժեք, հիմա մենք վստահ լինե՞նք, որ անընդհատ խնդիր չի լինի ու ստիպված չենք լինի դրա շուրջ ձայն բարձրաձայնել: Եթե մենք մեզ չենք հարգում, չենք կարևորում մեր արժեքները, ուրիշները հարկ չեն համարելու դրա հետ ընդհանրապես հաշվի նստել:
Դրա համար այս ամենը զուտ խոսքեր չպետք է լինեն. երբ ասում ենք ազգային ինքնություն՝ հստակ պետք է հասկանանք, որ խիստ կարևոր արժեքներ կան, որոնց չի կարելի անընդհատ փորձադաշտ բերել: Այսօր կա՞ այն մեխանիզմը, որ դրանք չեն վտանգվելու, և անընդհատ ստիպված չենք լինելու այս կամ այն կողմից փչող քամու առաջ ճոճվել: Խնդիրը սա է: Կարծում եմ՝ ոչ մի հրեայի համար իր հավատքը քննարկման ենթակա չէ: Եվ հարց է՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ փորձում վերադիրքավորվել, վերաարժևորել այն ամենը, ինչն արդեն արժեք է: «Դրոշը փոխենք», «զինանշանը» փոխենք: Մենք փոխելու կարիք չունենք, եղածը պարզապես պահպանել է պետք: Մենք բնիկի ու եկվորի, սևի ու սպիտակի տարանջատվելու հնարավորությունը չունենք՝ հաշվի առնելով նախ աշխարհաքաղաքական իրավիճակը: Բայց, ցավում եմ, որ միասնական ենք դառնում միայն ճգնաժամային իրավիճակներում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում