Չի բացառվում, որ աշնանը հանրության դժգոհությունների նոր պոռթկումներ լինեն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համաճարակը իսկական պատուհաս է դարձել աշխարհի համար։ Այն մեծ արագությամբ շարունակում է տարածվել՝ առանձին երկրներում սահմանելով նորանոր ռեկորդներ։ Ու ընդհանուր առմամբ համաճարակի տարածվածությունն աշխարհագրական տեսանկյունից խայտաբղետ տեսք է ստացել։
Կան երկրներ, որոնք արդեն հաղթահարել են համավարակի տարածումը և անցել են տնտեսության վերականգնմանը, ինչպես, օրինակ՝ Չինաստանը և Նոր Զելանդիան, սակայն կան նաև պետություններ, որոնք դարձել են համավարակի նոր էպիկենտրոններ, օրինակ՝ ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը և Ռուսաստանը։
Սակայն, քանի որ այս երկրներն ունեն ահռելի տարածք, տնտեսական մեծ ներուժ և հսկայական բնական պաշարներ, պետություններն օգտագործում են իրենց ունեցած ռեզերվներն, ու բնակչության մոտ դեռևս լուրջ դժգոհություններ չեն հասունացել։ Իրավիճակն այլ է փոքր բնակչություն, տարածք և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների համար։
Խնդիրն այն է, որ համավարակով պայմանավորված արտակարգ իրադրության և տնտեսական դժվարությունների պարագայում այս կատեգորիայի պետությունները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Եվ պատահական չէ, որ մի քանի երկրներում բնակչության շրջանում արդեն իսկ դժգոհությունների ալիք է հասունանում։
Օրինակ՝ տնտեսական իրավիճակի վատացմամբ պայմանավորված՝ տևական ժամանակ է, ինչ բողոքի բուռն ակցիաներ են տեղի ունենում Լիբանանում։ Ցուցարարները ճանապարհներ են շրջափակում, հարձակումներ կատարում բանկերի վրա և այլ կտրուկ գործողությունների դիմում։
Վերջերս նույնիսկ զինվորականների և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան այն բանից հետո, երբ վերջինները փորձեցին կառավարության շենքին մոտենալ և սկսեցին պահնորդների ուղղությամբ քարեր ու պայթուցիկներ նետել:
Շատ ավելի բարդ իրավիճակ էր նաև Սերբիայում։ Եվ պատահական չէ, որ փարձագետներն արդեն նշում են, թե դժգոհությունների այսպիսի զանգվածային դրսևորումները կարող են նախադեպ դառնալ նաև այլ երկրների համար, որոնք ծանր տնտեսական իրավիճակում են հայտնվել, և ստեղծել ներքաղաքական անկայունության նոր ալիք։ Այդ երկրներից մեկն էլ կարող է լինել Հայաստանը, որը ողջ թափով կրում է համավարակի տնտեսական վնասները։
Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերում գործունեությունն ուղղակի սառեցված վիճակում է։ Իսկ այդ ոլորտներում ներգրավված բիզնեսները և աշխատակիցները ուղղակի եկամուտ պահովելու խնդրի առաջ են կանգնած։ Սրան զուգահեռ նվազել են ինչպես արտաքին ներդրումներն, այնպես էլ առևտրաշրջանառությունը։ Եվ չնայած այս իրավիճակում ԿԲ-ն 2020 թվականի համար 4 % տնտեսական անկում է կանխատեսում, այնուամենայնիվ, արդեն բազմաթիվ տնտեսագետներ համարում են, որ իր կանխատեսումներում կառավարությունը լավատես է, և ժամանակի ընթացքում ավելի իրատեսական է դառնում այն կանխատեսումը, որ Հայաստանը երկնիշ տնտեսական անկում է ունենալու։
Այս համատեքստում հատկապես հրատապ է գործազրկության հարցը։ Հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատատեղերը, իսկ այն մարդիկ, ովքեր մեկնում էին արտասահման՝ սեզոնային աշխատանքի, որպեսզի կարողանային իրենց ընտանիքի կարիքները հոգալ, զրկվել են այդ հնարավորությունից։
Ճիշտ է՝ դեռևս քաղաքացիները կարողանում են մի կերպ ծայրը ծայրին հասցնել, բայց այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ արդեն աշնանը դժգոհությունների նոր պոռթկումներ լինեն, և մեծաթիվ մարդիկ դուրս գան փողոց։ Հնարավոր է՝ սա գիտակցում են նաև իշխանությունները, քանզի նույնիսկ 10-20 հոգի փողոցում տեսնելիս այնպիսի արձագանք են տալիս, որ սարսափելի է անգամ մտածել, թե ինչի կարող են ունակ լինել տասնյակ հազարավորների հանրահավաքների պարագայում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում