«Երբ դժվարություններ ես տեսնում, սկսում ես կյանքը հասկանալ». լուսանկարները՝ ժամանակի վավերագրեր. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Լուսանկարչությունն իմ շնչառությունն է: Աղոթքի նման է, պետք չէ այն որպես աշխատանք ընկալել»,-այսպես է սկսվում երիտասարդ լուսանկարիչ Սամուել Ոսկանյանի հետ մեր զրույցը: Փոքրուց զբաղվել է գեղանկարչությամբ, հետո ընդունվել թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետը: «Սիրեցի կինոն, բայց քանի որ այն թիմային աշխատանք է, ինձ այնտեղ չգտա:
Սիրում եմ մենակ ստեղծագործել: Երկու տարի ինստիտուտում ուսումնասիրեցի նաև լուսանկարչություն առարկան: Մեկ տարի է՝ սկսել եմ մարդու կյանքը նկարել: Լուսանկարում եմ մարդկանց կոնկրետ իրավիճակներում: Երբ նկարում ես մարդուն, նրա կյանքը, կատարածդ աշխատանքն անպայման իր տեղը գտնում է, եթե դրանում միտք կա, եթե այն ժամանակն է նկարագրում: Փողոցում պառկած մուրացկանին նկարելն այլ բան է, մարդու կյանքը, անձնական դրաման ցույց տալը՝ լիովին այլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամուելը:
Նրա կարծիքով՝ լուսանկարչությամբ զբաղվելու համար պետք է հասունանալ, «մի քիչ ապրել»: «Լուսանկարը կարելի է որոշակիորեն մշակել, բայց ոչ թե նկարն ամբողջովին փոխել: Տպավորություն է, թե միջամտում ես իրականությանը, Աստծո ստեղծագործությանը: Ինքս դեմ եմ դրան:
Հնարավոր է նկարդ հազարավոր լայք հավաքի համացանցում, բայց նախ ինքդ քեզ ես խաբում, հետո էլ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ստեղծեցիր: Լուսանկարի մեկ կադրի միջոցով պետք է փորձես մարդու մասին առավելագույնս պատմել: Սիրում եմ կանգնեցնել ժամանակը, ինչը շատ պատասխանատու գործ է»,-նշում է մեր զրուցակիցը:
Սամուելի նկարները մեծմասամբ սև ու սպիտակ են: «Առանց այն էլ մենք գույներով շատ ենք շրջապատված, եթե նկարներում իրականությունը փոխանցենք նույն կերպ, ապա արդյունավետ չի լինի:
Սև ու սպիտակ լուսանկարները միշտ էլ գնահատվում են, հետաքրքրություն առաջացնում, սակայն այստեղ գործն ավելի է բարդանում, քանի որ հեշտ թվացող ճանապարհով պետք է կարևոր բաների մասին խոսես: Սև ու սպիտակը մի տեսակ բանաստեղծային է, լուսանկարիչներից մեկն ասել է՝ «գունավոր լուսանկարի միջոցով մարդու հագուստն ես ցույց տալիս, սև ու սպիտակով՝ հոգին»,-ընդգծում է լուսանկարիչը:
Նրա աշխատանքներով հետաքրքրվում են նաև արտասահմանից: «Inspired Street Photography» պատկերասրահը տեղեկացրել է, որ Սամուելի լուսանկարներից մեկն իրենց պատկերասրահի մի մասնիկն է դարձել: «Վերջերս նաև Լոնդոնից մի ֆոտոպատմաբան էր գրել, որ կայք են ստեղծում, իմ մի քանի կադրեր շատ են հավանել և ցանկանում են ընդգրկել այնտեղ: Հիմա զրուցում ենք վերջնական արդյունքի հասնելու համար»,-ասում է Սամուելը:
Նա իր հերոսներին գտնում է տարբեր տեղերում՝ հանդիպում է պատահական, լուսանկարում է իր հարազատներին, երբեմն նաև դիմում են խնդրանքով լուսանկարելու մարդկանց, որոնց, օրինակ՝ օգնություն է հարկավոր: «Շատ ժամանակ այդ նկարները չեմ հրապարակում, տալիս եմ իրենց: Իմ ամենամեծ ձեռքբերումներից է այն, որ ոչ թե մրցույթներում եմ հաղթում, այլ որ իմ աշխատանքի միջոցով մարդկանց սկսում են օգնել:
Ստեղծագործելուց ստացած իմ հաճույքը մի կողմ, բայց դա համեմատելի չէ այն ուրախության հետ, երբ իմանում եմ՝ իրենց դժվարությունների ու խնդիրների մասին պատմությունները նաև իմ լուսանկարների միջոցով են լսելի դարձել: Այդ ուրախությունը չեմ փոխի մրցանակ ստանալու ուրախության հետ:
Մեկի համար լավ մեքենան է ձեռքբերում, մյուսի համար՝ գեղանկարը, մեկի համար այն, որ առավոտյան արթնանում է, լույսն ապակուց ներս է թափանցում, մյուսի համար էլ՝ ունեցվածքի շատանալը»,նշում է Սամուելը:
Լավ ու հետաքրքիր աշխատանքները մշտապես գնահատվում են, եթե կադրի մեջ իմաստ կա, ասելիք: «Լուսանկարիչը պետք է համր լինի, ինքը որևէ բան չպետք է գրի կադրի կողքին: Կան կադրեր, որոնք հետագա սերունդները կնայեն ու դրանց միջոցով կճանաչեն նաև մեր ժամանակները, պատկերացում կկազմեն դրանց մասին:
Ի վերջո, լուսանկարները ժամանակի վավերագրություններն են: Հնարավոր է, գնամ, մարդու հետ 4-ից 7 ժամ շփվեմ, գտնեմ հարմար պահը և ընդամենը մեկ լուսանկար անեմ, բայց հնարավոր է նաև՝ այդպես էլ չլուսանկարեմ: Չպետք է նկարել, եթե կադր չես գտնում, չպետք է գրել, եթե գրածդ չես հասկանում, չպետք է ֆիլմ նկարել, եթե ֆիլմիդ գաղափարը չգիտես: Լուսանկարը դիտողին պետք է ինչ-որ մեսիջ հղի:
Արարատն այնքան շատ են նկարել, արդեն չեմ ուզում նայել Արարատին»,-ասում է մեր զրուցակիցը: Նա ծառայում է հակաօդային պաշտպանության զորքերում:
«Դիրքերում՝ առաջին գծում հինգ տարի ծառայել եմ, երկու տարի որպես ժամկետային, երեք տարի՝ պայմանագրային: Դրան զուգահեռ բարձր միավորներով ընդունվել եմ թատերական ինստիտուտ: Մի քիչ տեսել եմ կյանքը:
Երբ դժվարություններ ես տեսնում, սկսում ես կյանքը հասկանալ: 2016 թվականին, ճիշտ է, չեմ եղել թեժ կետերում, բայց եղել եմ առաջին գծում: Հիմա ՀՕՊ զորքերում եմ ծառայում, այդ գործը հարգում եմ: Գիտեմ՝ ինչու եմ համազգեստ հագնում, ասում են՝ լավ ծառայող եմ: Բայց միևնույն է՝ իմ շնչառությունը լուսանկարչությունն է»,-եզրափակում է Սամուել Ոսկանյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում