Ներսում թշնամիներ ու դավաճաններ չկան, թշնամին սահմանից այն կողմ է. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ընդհանուր առմամբ այս օրերին շատ է խոսվում հանրային համախմբվածության կարևորության մասին։ Որպես կանոն, մեր հասարակությունը միշտ կոնսոլիդացել է հատկապես արտաքին վտանգի ու մարտահրավերի դեպքում։ Եվ այս հարցը առաջին հերթին ուղղակիորեն առնչվում է ներքաղաքական դաշտի հետ։
Եթե քաղաքական ուժերը՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական, որոնք ներկայացնում են հանրության տարբեր հատվածների շահերը, մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները և սկսում են գործել միասնական օրակարգի ներքո, ապա դրանով հիմքեր են ստեղծում հանրության համերաշխության համար։
Կորոնավիրուսի համավարակն այս տեսանկյունից կարևոր փորձաքար էր Հայաստանի ներքաղաքական կյանքի համար։ Եվ հաշվի առնելով, որ երկիրը գտնվում էր համաճարակի դեմ պայքարի իրավիճակում, ընդդիմության ներկայացուցիչները հանդես եկան միասնականության և քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու առաջարկներով։
Սակայն իշխանությունները հարկ չհամարեցին ձեռք մեկնել ընդդիմությանը՝ կարծելով, թե դրանով ի ցույց են դնելու իրենց թուլությունը, և դրա փոխարեն կրկին զարկ տվեցին ներքաղաքական պայքարին՝ «սևի ու սպիտակի» տրամաբանության ներքո։
Արտակարգ դրության իրավիճակում ընդդիմությունը նույնիսկ փորձեց ձեռնպահ մնալ ակտիվ գործողություններից, սակայն իշխանություններն օգտվեցին այդ հանգամանքից և արագ ընթացակարգով ընդունեցին այնպիսի օրենքներ, որոնց հասարակական շահերից բխելը հարցականի տակ է։
Եվ ահա հուլիսի 12-ից Տավուշի սահմանագծում ռազմական գործողությունները համազգային համախմբման ևս մեկ հնարավորություն ստեղծեցին։ Ողջ հասարակությունը շունչը պահած սպասում էր զարգացումներին ու իր աջակցությունն էր հայտնում մեր զինված ուժերին։
Ընդ որում, ռազմական գործողություններն ուղեկցվում էին տեղեկատվական պատերազմով, որով հակառակորդը փորձում էր ապատեղեկատվություն տարածել և մանիպուլացնել հայ հանրությանը, ինչը չհաջողվեց, քանի որ տեղեկատվական հակամարտության առումով ևս հայկական կողմն իր բարձրության վրա էր։ Ինչպես, ի դեպ, միշտ:
Ինչ վերաբերում է ներքաղաքական վիճակին, ապա այս իրավիճակում հայաստանյան ընդդիմությունը բարձր պատասխանատվության զգացում դրսևորեց, և ոչ միայն չփորձեց օգտվել այս ծանր իրավիճակից քաղաքական շահեր առաջ մղելու համար, այլև իր ներուժի չափով օգտակար աշխատանք կատարեց՝ կոչ անելով հանրությանը հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և գործի դնելով իր կապերը հակառակորդի ապատեղեկատվության դեմ պայքարում։
Բայց իշխանական որոշ շրջանակներ և քարոզիչներ այնպիսի բարդ իրադրության պայմաններում, երբ երկրի սահմանային հատվածում ռազմական գործողություններ են ընթանում, կրկին օրակարգային դարձրեցին «սևերի ու սպիտակների» բաժանման հարցը։
Ավելին՝ առանձին շրջանակներ անգամ սկսեցին երկրի ներսում թշնամիներ, դավաճաններ կամ «ներքին թուրքեր» փնտրել՝ այստեղ-այնտեղ հայտարարելով, թե երկիրը կռվում է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների դեմ։
Ի դեպ, այս հարցում առավել մոլեռանդ են որոշակի շրջանակներ, որոնք նույնիսկ Ալիևի սանձարձակություններում ներքին հետք են փնտրում։ Այդ շրջանակը հստակ է, սակայն չենք մասնավորեցնում՝ հաշվի առնելով առկա վիճակը և ներքին պառակտման անթույլատրելիությունը: Հետո դեռ հարկ կլինի այս ա մենին ա նդրադառնալ անվանապես:
Իսկ հիմա ընդամենը ցանկություն հայտնենք, որ այդ շրջանակները հասկանան՝ մեր երկրում դավաճաններ ու թշնամիներ չկան, թշնամին սահմանից այն կողմ է, գոնե այս իրավիճակում պետք է հանդարտվել և չփորձել ավելի պառակտել հանրությանը՝ ավելացնելով առկա ատելության չափաբաժինը։ Հարկ է, որ իշխանությունները նույնպես պատասխանատու կեցվածք դրսևորեն և իրենց որոշ շրջանակների կամ համակիրների թույլ չտան ծանր իրավիճակում պղտոր ջրում ձուկ որսալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում