Տնտեսությանը վերաբերող հարցերը ոչ մի վայրկյան չպետք է աչքաթող արվեն. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել ողջ աշխարհում, սակայն Հայաստանում առկա իրադրությունը յուրահատուկ է։ Հայաստանն ունի ներքին և արտաքին խնդիրների մի ամբողջ համալիր։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող մեր հանրապետությունը ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, սակայն ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահման չունի, իսկ Ռուսաստանի հետ կապող հիմնական ուղին անցնում է Վրաստանով՝ մասնավորապես Լարսի անցակետով, որը բնակլիմայական ոչ բարենպաստ պայմաններում շատ հաճախ դժվարանցանելի է դառնում և ավտոմեքենաների հերթեր են կուտակվում այն անցնելու համար։
Վրաստանի հետ համագործակցության շրջանակում խոշոր ծրագրեր չկան, իսկ մյուս հարևան Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը չի կարողանում օգտագործել համագործակցության ողջ պոտենցիալը Արևմուտքի սահմանած պատժամիջոցների արդյունքում։
Հայաստանին մնում է կիրառել օդային փոխադրումների հնարավորությունը միջազգային այլ գործընկերների հետ հաղորդակցության համար, սակայն այս փուլում համաճարակի արդյունքում օդային հաղորդակցություններն ուղղակի նվազագույնի են հասցվել։
Կարևոր է նաև Հայաստանի ներքին տնտեսական ներուժի հարցը, քանի որ համավարակի արդյունքում մեծ թվով բիզնես ներկայացուցիչներ և քաղաքացիներ ուղղակի կանգնել են եկամուտներ ապահովելու խնդրի առաջ։
Բացի դրանից, այս ժամանակահատվածում իր ողջ ծանրաբեռնվածությամբ գործող առողջապահական համակարգը տնտեսական մեծ ռեսուրսներ է պահանջում։
Բայց Հայաստանի տնտեսությունն ներկայիս իրավիճակում խորը դեպրեսիայի մեջ է։ Պատճառը ոչ միայն այն է, որ իր վրա է զգում համաշխարհային տնտեսությունում առկա տատանումները, այլև այն, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծ կախում ունի դրսից ուղարկվող տրանսֆերտներից։
Ընդհանուր առմամբ, տարեսկզբի 5 ամիսներին արտաքին ֆինանսական փոխանցումներն արտերկրից կազմել են 546 մլն դոլար։ Եթե հաշվի ենք առնում, որ նախորդ տարի Հայաստան էր փոխանցվել 704 միլիոն, ապա ստացվում է, որ այս տարվա առաջին 5 ամսում տրանսֆերտների գումարները կրճատվել են 158 մլն դոլարով։
Բարվոք չէ նաև Հայաստանի ներդրումային միջավայրի հարցը։ Դրա համար չկա օրենսդրական և հարկային քաղաքականության համապատասխան բազա։ Չլուծված է մնում նաև այնպիսի խոշոր ներդրումային ծրագիր, ինչպիսին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նախագիծն է:
Դեռևս հստակություն չկա՝ Ամուլսարի հանքը շահագործվելու է, թե ոչ, իսկ սա մեծացնում է անորոշությունը տնտեսության մեջ։
Չնայած օգտվելով ճգնաժամային իրադրությունից՝ իշխանությունները փորձում են տարբեր ձևերով անաղմուկ մեկնարկ տալ հանքի շահագործմանը, այնուամենայնիվ, բնապահպանները և ակտիվիստները մեծ աղմուկ են բարձրացնում ու խոչընդոտում աշխատանքների վերսկսմանը։
Եվ պետք է նկատի ունենալ, որ այս հարցին անհնար է լինելու վերջնական լուծում տալ առանց հանրության մեծամասնության կարծիքի հետ հաշվի նստելու։
Առկա իրադրության պայմաններում Հայաստանի համար մնում է հետևյալ տարբերակի կիրառությունը՝ զարկ տալ այնպիսի ապրանքների արտադրությանը և ծառայությունների մատուցմանը, որոնք այս փուլում մեծ պահանջարկ են վայելում, և ներքին պահանջարկը բավարարելուց հետո խթանել դրանց արտահանումը։ Իսկ թե կոնկրետ ինչ քայլերի միջոցով կարելի է այն կազմակերպել, արդեն մասնագետների տիրույթում գտնվող խնդիր է։
Որքան էլ սահմանին վիճակը լարված լինի, որքան էլ կորոնավիրուսային վիճակը ծանր լինի, իշխանությունները ոչ մի վայրկյան չպետք է տնտեսությանը վերաբերող հարցերն աչքաթող անեն: Ընդհակառակը, առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, իսկ տնտեսական ներուժը հնարավորություն է տալիս ոչ միայն նոր սպառազինություններ ձեռք բերել, այլև ապահովել բանակի թիկունքը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում