«Պետք է բռունցքվենք և լինենք մեր բանակի կողքին». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ համաճարակն արդեն վնաս է հասցրել մշակույթին, մանավանդ թատրոնին: «Հույս ունենք, որ շուտով թատրոնները կվերաբացվեն, հանդիսատեսը կվերադառնա թատրոն: Չի կարելի վատատեսորեն տրամադրվել, թե այդ օրը չի գալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:
Նա ընդգծում է՝ հարկադրված պարապուրդն ազդում է դերասանների վրա: «Դերասանն ամեն օր մարզիկի պես պետք է պատրաստ լինի:
Մեր՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկսել ենք փոքր խմբերով հավաքվել, ներկայացումներ փորձել՝ սեղանի շուրջ և բեմում, իհարկե, ոչ ամբողջ անձնակազմով, բայց փոքր-փոքր խմբերով փորձում ենք աշխատել և լարվածությունը թուլացնել»,-նշում է մեր զրուցակիցը:
Մշակութային գործիչներից շատերը, հատկապես թատրոնների դերասաններն առաջարկներ էին անում, որ ներկայացումները կարելի է խաղալ բացօթյա տարածքներում կամ էլ թատրոններում՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով, քանի որ դեռևս հստակ ժամկետներ չեն ասվում, թե երբ մշակութային հաստատությունները կվերադառնան իրենց բնականոն կյանքին, իսկ երկարատև պարապուրդը բոլոր առումներով անհետևանք չի մնա:
Հովհաննիսյանն այս առաջարկների հետ համամիտ չէ: «Յուրաքանչյուր ներկայացում ունի իր յուրահատուկ մոտեցումը, երաժշտական, գունային, լուսային ձևավորումը: Առայժմ չեմ պատկերացնում բացօթյա կամ սոցիալական հեռավորության պահպանման պահանջով ներկայացումների անցկացումը:
Ընդհուպ չեմ պատկերացնում ներկայացումների օնլայն հեռարձակումը, որովհետև թատրոնն ինքը կենդանի շփում է, կենդանի մթնոլորտ, միջավայր: Օնլայն հեռարձակումների ժամանակ հոգևոր մթնոլորտը չի փոխանցվում հանդիսատեսին, ինչպես թատրոնում»,ասում է դերասանը:
Նրա խոսքով՝ Գյումրիում թատրոնների վիճակը շատ լավ է, եթե, իհարկե, հաշվի չառնենք համավարակի պատճառով առաջացած խնդիրները: «Համավարակը մեզ չխանգարեց թատրոն բացել և սկսել աշխատել: Արդեն իսկ գործում է նոր՝ Գյումրու մտորումների թատրոն-ստուդիան, որն այլընտրանքային տարածք է:
Գյումրու ակադեմիական թատրոնը մնալու է իր բարձունքի վրա, այլընտրանքային թատրոնում ուզում ենք նորարարություններ անել, նոր մտքեր ու գեղագիտություն բերել թատրոն, որովհետև ունենք շատ շրջանավարտներ, երիտասարդ ռեժիսորներ ու դերասաններ, որոնք առայժմ որևէ թատրոնում զբաղված չեն, ուզում ենք նրանց ներառել թատերական կյանքում և նոր խոսք ասել: Նորը մի քիչ հարաբերական է, թվում է՝ բոլորը նոր բան են ասում»,-նշում է մեր զրուցակիցը:
Խնդիրներ, իհարկե, նույնպես կան, հատկապես հիմա կարևոր է, որ դերասանը բեմ բարձրանա, աշխատի, աշխատավարձ ստանա՝ իր գոյը պահպանելու համար: Հովհաննիսյանն ասում է՝ ի վերջո, թատրոն հասկացությունն ինքնին կոնֆլիկտային իրավիճակ է: «Պետք է նշել, որ նախարարությունը մեր կողքին է, մենք գրեթե չենք աշխատում, բայց աշխատավարձ ենք ստանում»,-ընդգծում է նա:
Տարիներ առաջ դերասանը և նրա գործընկերները բավականին ակտիվ հանդես էին գալիս երգիծական մանրապատումներում: Հետաքրքրվում ենք նաև նրա ստեղծագործական կյանքի այս փուլի մասին:
«Ժանրեր կան, որոնք հոգնեցնում են քեզ, ժանրեր կան, որոնք վերալիցքավորում են: Երիտասարդ տարիներին նկարահանվել եմ երգիծական մանրապատումներում, իմ աշխատանքն ինձ գոհացրել է, իսկ հիմա կարելի է ու պետք է այլ «հերոսությունների» գնալ», նշում է Հովհաննիսյանը:
Նա երիտասարդներին է փոխանցում նաև սեփական գիտելիքներն ու տարիների ընթացքում կուտակած փորձը. թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի ղեկավարն է:
«Խոստումնալից, լավ սերունդ ունենք, որին հնարավորություն տալու դեպքում աշխարհը շուռ կտան: Նորաստեղծ թատրոնում բացել եմ ավելի փոքրերի ստուդիա, որ պահպանվի կապը թատրոնի հետ:
10-14 տարեկան երեխաների եմ հավաքագրել, հիմա ուզում եմ սկսել հեռավար պարապմունքները: Երեխաները չպետք է բոբիկ գան թատերական ինստիտուտ ընդունվելու կամ էլ արվեստի մասին խոսելիս պետք է սովորեն գրագետ արտահայտվել»,-ասում է մշակութային գործիչը:
Զրույցի ավարտին չենք կարողանում չանդրադառնալ հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օրերի ռազմական գործողություններին: «Մենք պիտի բռունցքվենք, լինենք մեր բանակի կողքին, կարևորն ամուր լինենք, քաղաքական խաղերը մի կողմ թողնենք: Պետք է ունենանք միասնական գաղափար, որպեսզի դիմակայենք թշնամու հարձակումներին, ոտնձգություններին՝ յուրաքանչյուրս մեր դիրքում, մեր աշխատանքում, սա պետք է նպաստի պետության ամրությանը:
Այս կերպ մենք թիկունքն ենք ապահովում: Թվում է, թե մշակույթը, արվեստը շատ հարցերի հետ կապ չունեն, բայց ամեն ինչ կապ ունի, ամեն ինչ փոխկապակցված է»,-եզրափակում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում