Օրերս «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարիչ Էդգար Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը,- տեղեկացնում է Orer.am-ը: Ցուցահանդեսը կրում է «Որոնում» խորագիրը: Լուսանկարչի ներկայացված բոլոր աշխատանքներում մարդիկ կարող են որոնել և տեսնել լավը, բարին ու գեղեցիկը, որ տիրում է մեր շուրջը: «Համարում եմ, որ վատն ու բացասականը անզեն աչքով մենք միշտ նկատում ենք, դրանք ալեկոծում են մեր հոգին, նյարդայնացնում մեզ, իսկ լավը տեսնելու համար հաճախ ժամանակ չենք ունենում»,- նշում է Էդգարը:
Էդգար Հարությունյանը պատմում է, որ իր լուսանկարները անելիս նա որոնում և գտնում է տարբեր գեղեցկություններ՝ սկսած հրաշալի բնապատկերներինց, ճարտարապետական կոթողներից, վերջացրած ամենահեռավոր գյուղերում պատի տակ նստած երեխաներով:
Պետք է ասել, որ Էդգարը առանձնահատուկ սեր ունի երեխաների նկատմամբ: Նրա լուսանկարած երեխաների ժպիտները հաճախ են գեղեցկացնում ֆեյսբուքը: Ցուցահանեսի բացմանը՝ նոյեմբերի 22-ին, կարելի էր տեսնել ներկաների շարքում արդեն ծանոթ դարձած այդ փոքրիկներին: Էդգար Հարությունյանը ցանկանում է, որ այն մարդիկ, ովքեր կայցելեն ցուցահանդեսին, նկատեն նկարների մեջ իրենց մի մասնիկը, այցելեն բոլոր այն գեղեցիկ վայրերը, որոնք պատկերված են լուսանկարներում, որպեսզի անձամբ, այլ ոչ համացանցով կամ ֆոտոներով ճանաչեն մեր հայրենիքը:
Ֆոտոռեպորտաժ, որում ներառված կլինեն նաև ցուցադրության ժամանակ պատից կախված նկարները, Orer.am-ը չի ներկայացնի, որպեսզի ընթերցողը ինքը գնա և տեսնի այդ ամենը: Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 27-ը: «Հայ արտ» մշակութային կետրոնի հասցե՝ Մաշտոցի պող. 7ա:
Լևոն Փանոսյան