«Ժողովուրդ». Ովքեր են ՍԴ դատավորների հավանական թեկնածուները
Analysis«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ի վերջո ստորագրեց հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում եւ երեկվանից մտել ուժի մեջ։ Ըստ այդմ, նոր փոփոխություններով լուծվելու է Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Իսկ ավելի վաղ էլ ուժի մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները: Եվ, ահա, երկու ամսվա ընթացքում սահմանադրական մարմինները պետք է ըստ հերթականության ներկայացնեն իրենց թեկնածուներին` սկզբից Կառավարությունը, հետո Ազգային ժողովը, ապա Դատավորների ընդհանուր ժողովը: Արդեն Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամներ ընտրելուց հետո դատավորներն իրենց կազմից պետք է ընտրեն ՍԴ նախագահ, իսկ մինչ այդ Աշոտ Խաչատրյանը՝ որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները: Երեք թափուր տեղերի համար առաջադրումները սկսվելու են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են Կառավարությունը, Նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Որպես հավանական թեկնածուներ շրջանառվում են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները, իսկ Դատավորների ընդհանուր ժողովն էլ առաջարկելու է Լիանա Սահակյանի թեկնածությունը: Սակայն նկատենք, որ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով։ Այդ էր պատճառը, որ նրանք միջնորդություն էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչեւ իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Եվրոպական դատարանը, սակայն, մերժել էր այս պահանջը: Այնուամենայնիվ, դատավորները պատրաստվում են մինչեւ օգոստոսի 28-ը ստրասբուրգյան դատարան ներկայացնել իրենց հիմնական գանգատը»։