Խորհրդարանական դիվանագիտության տեղապտույտն ու դրա հետևանքները. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանության ճյուղերից ժողովրդավարական համակարգերում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի օրենսդիր մարմինը։ Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնցում գործում է խրհրդարանական կառավարման համակարգը։ Իսկ պառլամենտում ներկայացված անձանց պրոֆեսիոնալիզմը պետք է լինի շատ բարձր մակարդակի, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն զբաղվել օրենսդրական գործունեությամբ, այլև ի վիճակի լինեն ներկայացնել երկիրն արտաքին աշխարհում։
Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում օրինաստեղծ գործառույթներին զուգահեռ ընդլայնվել է խորհրդարանների գործունեության դաշտը նաև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում։
Եվ պատահական չէ, որ այսօր միջազգային ասպարեզում լայն տարածում է ստացել «խորհրդարանական դիվանագիտություն» եզրույթը, որը միջազգային հարաբերությունների բառապաշար է ներմուծվել ամերիկացի գիտնական և դիվանագետ Ֆիլիպ Ջեսսապի կողմից։ Խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանուր իմաստով ներառում է միջազգային հարաբերությունների ոլորտում խորհրդարանների պարտականությունները և գործողությունները։
Արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանի ներգրավվածությունը կապված է իշխանության այդ մարմնի ներկայացուցչական բնույթի հետ, և այն նախատեսում է ակտիվ աշխատանք ինչպես տարբեր երկրների խորհրդարանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Եվ պատահական չէ, որ շատ հաճախ խորհրդարանական դիվանագիտության խողովակով կարող են ամենատարբեր հարցեր բարձրացվել կամ լուծվել։
Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հերթական սադրիչ հարձակումների ֆոնին առավել քան կարևոր է Հայաստանի համար ռազմական հաջողությունների ամրագրումը նաև դիվանագիտության ասպարեզում։
Սակայն Հայաստանի կողմից Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի դեմ դիվանագիտական պայքարը բազմավեկտոր բնույթ է ստացել, քանի որ այդ երկրները միջազգային ասպարեզում տարբեր ուղղություններով բացահայտ հակահայկական քարոզչություն են իրականացնում։
Եվ այս պայմաններում ամբողջ աշխատանքը չի կարող մնալ միայն արտաքին քաղաքական գերատեսչության ուսերին, այստեղ իր ուրույն դերը և ասելիքը պետք է ունենա նաև խորհրդարանական դիվանագիտությունը, սակայն մեր պառլամենտականների պրոֆեսիոնալիզմը, փորձը և ունակությունները թույլ չեն տալիս արդյունքներ ունենալ այս ասպարեզում։ Մեծ հաշվով, խորհրդարանական դիվանագիտության հարթակում մեր ձախողումն ակնհայտ է, քանի որ չկան ձեռքբերումներ։
Դա է պատճառը, որ տարբեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից չկան Հայաստանին սատարող հայտարարություններ։
Իսկ այն առանձին պատգամավորների հայտարարությունները, որոնք իշխանական պատգամավորները ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես խորհրդարանական դիվանագիտության հաղթանակ, քաղաքական առումով չնչին նշանակություն ունեն։
Այս իրողությունը պետք է դաս լինի մեր իշխանությունների համար, որպեսզի նրանք զարկ տան խորհրդարանական դիվանագիտության իրականացմանը։
Պատգամավորները միայն կոճակ սեղմելու կամ պարգևավճար ստանալու համար չեն, նրանց ստացած մանդատը հնարավորություն է տալիս ակտիվ ներգրավվածություն ունենալ արտաքին քաղաքական հարցերում։ Այս պարագայում թույլատրելի չէ ամբողջ բեռը թողնել միայն արտգործնախարարության վրա, աշխատանքը պետք է իրականացվի միասնաբար, փոխլրացնելով:
Եթե պրոֆեսիոնալիզմի պակաս կա, ապա անհրաժեշտ է խորհրդարանականների հետ համապատասխան կոնսուլտացիաներ կամ դասեր անցկացնել։ Ու ամենակարևորը՝ չպետք է մոռանալ նաև միջազգային տարբեր հարթակներում կապեր հաստատելու նշանակության մասին, այդ կապերը կարող են Հայաստանի համար շատ օգտակար լինել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում