«Պետությունը փոքր ու միջին ձեռնարկատերերին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Ծնունդով Արարատի մարզի Զանգակատուն համայնքից եմ, որտեղ այժմ էլ ծավալում եմ գործունեությունս: 18 տարեկանում դուրս եկա գյուղից, հետո տարիներ անց վերադարձա որպես հասուն մարդ: Այդ ժամանակ հստակ տեսնում էի գյուղի խնդիրները, ռեսուրսները և այլն: Տեսնում էի, որ կենցաղային նույն խնդիրներն ունեն համայնքի գրեթե բոլոր բնակիչները»,-այսպես է սկսվում Աննայի հետ զրույցը, որը տարիներ առաջ որոշել է համայնքում չրերի արտադրությամբ զբաղվել: 2013 թ.-ին, երբ, ունենալով պետական աշխատանք, վերադարձել է գյուղ, ունեցել է հստակ համոզմունք, որ հետ է գալու Երևան մշտական բնակության: «Այդ աշխատանքն ինձ համար քիչ էր: Վերապատրաստումներ անցա տարբեր մասնագիտություններով, հետո որոշեցի մեկ տարի էլ մնալ և փորձել այստեղ երկրորդ աշխատանք գտնել, քանի որ վախ ունեի, թե ինչպես եմ երկու երեխայի հետ միայնակ Երևանում գլուխ հանելու:
Այդ տարի ծիրանի բերքը շատ էր, գնորդ չկար, այն ծառերի վրա փչանում էր: Հասկացա՝ եթե ունեմ այս խնդիրը, նշանակում է՝ գյուղում բոլորն ունեն իրենց բերքն իրացնելու խնդիր: Որոշեցի՝ այգու ամբողջ բերքը չիր եմ դարձնելու ու վաճառեմ: 2016 թ.-ին ո՛չ վաճառքից էի շատ բան հասկանում, ո՛չ մարկետինգից, ո՛չ էլ շատ այլ հարցերից:
Կար ռիսկի գործոնը, որովհետև չկար վստահություն, որ եթե չի վաճառվել բերքը, ապա կվաճառվի չիրը: Բայց իմ հավատն ինձ առաջ մղեց»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:
Ամենասկզբում ունենալով բացառապես բերք և չորացման ամենատարրական սարք՝ սկսել է կյանքի կոչել իր մտահղացումը: Առաջին տարում 100 կգ չիր է ստացել, բայց առաջ է եկել երկրորդ հարցը՝ որտե՞ղ է այն վաճառելու:
«ՌԴ-ում բնակվող ընկերուհուս հետ խոսում էի տեսազանգով, աչքին ընկան փաթեթավորված չրերը, ասաց՝ կուղարկե՞ս այստեղ վաճառենք:
Համաձայնեցի և այդպես իրացրեցի իմ առաջին արտադրանքը: Ստացված գումարով մեղուներ գնեցի, որպեսզի դա ևս ինձ եկամտով ապահովի: Մեղուները գնալով շատանում են: Հիմա, երբ ինչ-որ մեկն այսօր ասում է՝ գումար չունեմ, որ բիզնես սկսեմ, չեմ թողնում, որ միտքը շարունակի: Փող չունես, ուրեմն ճիշտ ժամանակն է բիզնես սկսելու:
Շատերը զարմանում էին, երբ իմանում էին, որ այս ոլորտում սկսել եմ գործունեություն ծավալել: Մանկավարժություն, համակարգչային ծրագրեր և մեկ էլ՝ անցում վերամշակմանն ու մեղվապահությանը»,-ասում է Աննան՝ ընդգծելով, որ երբ սկսում ես գործունեություն ծավալել, որը որևէ մեկին չի վնասում, հակառակը՝ օգնում է, քո առաջ սկսում են դռնել բացվել, հնարավորություններ են առաջ գալիս:
2017 թ.-ին մասնակցում է ՀԲԸՄ-ի դասընթացին, որի ավարտին, մրցույթում զբաղեցնելով երրորդ տեղը, շահում է մեկ միլիոն դրամ, դրան որոշակի գումար ավելացնում և գնում էլեկտրական մեծ չորանոցը: «2019 թ.-ին Զանգակատանը տուն գնեցի, քանի որ այստեղ և՛ արտադրությունս էր, և՛ հստակ որոշում ունեի մնալ գյուղում և չտեղափոխվել մայրաքաղաք:
Նպատակ ունեմ տունը հյուրատան վերածելու, որտեղ չրերի պատրաստման վարպետաց դասեր ենք անելու, չրերով ճաշեր պատրաստելու և այլն»,նշում է բնական չրերի «Արփի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աննա Ասատրյանը:
Անդրադառնում ենք պետություն-բիզնես համագործակցությանը, ինչպե՞ս այն պետք է դրսևորվի, պետությունն ինչի՞ն պետք է հատկապես ուշադրություն դարձնի: «Մինչև 2019 թ.-ը բիզնեսիս հետ կապված որևէ տեսակի առնչություն չեմ ունեցել պետական մարմինների հետ:
2019 թ.-ին, երբ պետք է տուն և արևային մեծ չորանոց ձեռք բերեի, տեղեկացա, որ էկոնոմիկայի նախարարությանը կից ներդրումների աջակցման կենտրոնը դասընթացներ է կազմակերպում ու հետո բանկերի հետ համեմատած ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում: Մասնակցեցի դասընթացին, 10 տոկոսով վարկ ստացա, որով կառուցեցի մեծ չորանոցը, որտեղ մեծ ծավալի չիր է պատրաստվում:
Կարծում եմ՝ միջին ու փոքր ձեռնարկատերերին պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի, որովհետև խոշոր բիզնեսները կայացել են, հասել ինչ-որ մակարդակի, և իրենք կարողանում են գումարը շրջանառել, իսկ մենք մեր աշխատած գումարը դեռ շարունակում ենք ներդնել բիզնեսի մեջ:
Վարկերը կարող են, օրինակ՝ ավելի ցածր տոկոսադրույքով լինել, անգամ՝ անտոկոս: Վճարվող տոկոսների գումարը կարող էի ներդնել բիզնեսիս մեջ և այլ արտադրանք ստանալ՝ կորիզ կոտրող և միրգ մանրացնող սարքեր գնելով: Իհարկե, ցածր տոկոսադրույքի համար էլ եմ շնորհակալ, որովհետև հակառակ դեպքում բանկից ավելի բարձր տոկոսադրույքով էի ստիպված լինելու վարկ վերցնել: Համաճարակի ժամանակ օգտվեցի աջակցության պետական ծրագրերից:
Տվյալները լրացնելուց հետո հաշվիս 10 հազար դրամ գումար նստեց: Անկեղծ ասած՝ չհասկացա, թե ինչպես է նման հաշվարկ կատարվել»,-ընդգծում է Աննան: Այժմ արտադրության մեջ, ներառյալ նաև մեր զրուցակիցը, զբաղված է 8 անձ:
«Կա արտադրությունն ընդլայնելու պոտենցիալ, մարդիկ ինձ զանգահարում են, աշխատանք խնդրում, բայց այս պահին նրանց որևէ բան առաջարկել չեմ կարող: Բոլոր հարցերը պտտվում են ֆինանսի շուրջ: Այժմ պետք է մեկ այլ ծրագրով փոխառություն վերցնեմ՝ սառնարան-պահեստ ձեռք բերելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:
Զրույցն ավարտում ենք այն մտքով, որ իրականում կարելի է զրոյից ցանկացած տեսակի գործ սկսել և խորն արմատներ գցել հայրենի մարզում: «Երբ տեսնում եմ գյուղում ապրող երիտասարդը ձգտում է քաղաք, սիրտս ցավում է: Ուզում եմ, որ նրանք մնան գյուղում և շենացնեն այն: Պետք է ձգտես նախ քո տունը զարգացնել, հետո համայնքը, իսկ եթե համայնքը զարգացած է, ուրեմն զարգացած է նաև պետությունը, ընդ որում, բոլոր առումներով»,-եզրափակում է Աննա Ասատրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում