Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի փարթիից՝ օրվա տարբեր ժամերին. լուսանկարներ, տեսանյութ
TVԵրեկվանից քննարկվում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց պատգամավորն է:
Արդեն առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսի ընթացքում նշեց, որ խոսել է Հայկ Սարգսյանի հետ: Պատգամավորն իր խմբակցության ղեկավարին հավաստիացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում: Միջոցառման տարածքում ընդամենը «մի պահ է» եղել: Մակունցը հերքել էր նաև այն տեղեկությունը, թե Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստի գոտու հետ:
Ավելի ուշ, Հայկ Սարգսյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում էր, որ որոշ քաղաքական ուժեր և նրանց սպասարկող լրատվամիջոցներ «ջանում են իրենից առանց դիմակի կադր որսալ»: Միջոցառման վերաբերյալ էլ Սարգսյանը նշում էր, որ լողափում գտնվել է երեկ երեկոյան և «ընդամենը մի պահ» դիմակ չի կրել, ինչի համար էլ ներողություն է խնդրել պարետատնից և իր քաղաքական թիմից անհարկի աղմուկի համար: