«Տպավորություն է, որ բոլորը ձվի մեջ մազ են փնտրում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր բանակի նկատմամբ մեծ վստահություն կա, անշուշտ, այն մարտունակ է, և մեր զինվորները հարյուր տոկոսով գիտեն, թե որն է իրենց պարտականությունը, գիտեն, թե ինչ են անում: Այս առումով երբեք որևէ կասկած չպետք է լինի, և, ըստ էության, մեր Զինված ուժերի վերջին գործողություններն ապացուցեցին այս ամենը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Նրա խոսքով, առհասարակ չպետք է զարմանալ թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի վարքագծից:
«Իրենց քաղաքականությունը պարզ է: Դա այն քաղաքականությունն է, որն ինչպես միշտ է եղել: Ոչինչ չի փոխվել. փորձել ուրիշի ունեցվածքը, ուրիշի երկիրը, ուրիշի աշխատածը, ստեղծածը սեփականացնել ու դա անել շատ կեղտոտ ձևով: Սա այդ սրիկաների բնավորության տեսակն է:
Երբեք պետք չէ մարդուն բնորոշ որևէ հայտարարության սպասել Ադրբեջանից ու Թուրքիայից: Ըստ իս, պարզապես բառերն են փոխվում, նախադասությունները, բայց ամեն ինչ, ի վերջո, նույնն է: Բնույթը չի փոխվում:
Բայց ինչքան ուզում են՝ թող, այսպես ասած, հաչան, մեր բանակն իր պարտականությունը, բարեբախտաբար, լավագույնս է կատարում»,ասաց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց՝ թեպետ զինվորը լավ գիտի, թե ինչու է այնտեղ և որն է իր առաքելությունը, բայց թիկունքում անելիքներ կան:
«Մենք թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում սփռված հայության առումով երկրորդ, երրորդ գծում անելիք ունենք: Մենք առաջին իսկ առիթի դեպքում սկսում ենք խոսքերով ու մեկնաբանություններով «կծել» իրար:
Մեզ մի քիչ առողջ ու գիտակից, պետական մտածելակերպ ունեցող քաղաքական տարր է անհրաժեշտ: Խոսքն ընդհանրապես ներքաղաքական դաշտի, ուժերի մասին է: Այսօր քաղաքական դաշտում այնպիսի մթնոլորտ է… Ես ատելություն սերմանելու փորձ ու խնդիր եմ տեսնում: Իմ ուզածը պարզապես ժողովրդին նման քայլերով չթունավորելն է»,շեշտեց Վ. Սիսլյանը:
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Երբ խոսվում է խնդիրների մասին, տպավորություն է, որ դրանք մեկը մյուսի վրա գցելու միտում կա: Բայց միշտ պետք է հիշել, որ մեզ համար խնդիր ստեղծողը թշնամին է:
Գոնե ինձ ոչ ոք չի կարող ասել՝ իշխանամետ ես, ընդդիմություն ես: Ես պետականամետ եմ, և ինձ համար կարևոր չէ, թե ով է նստած իշխանության ղեկին: Ինձ համար կարևոր է, թե ինչ է անում իշխանությունը, և մենք ինչ ենք ուզում ու պահանջում:
Մենք պետք է սիրենք պետությունը, հայրենիքը, իսկ պետություն սիրելն ամեն ինչի մեջ է արտացոլվում: Սկսած գետինը չաղտոտելուց, ծխախոտի մնացորդները այնտեղ չնետելուց, վերջացրած կարևորագույն հարցերով:
Եվ այդ առումով նորից վերադառնամ քաղաքական դաշտին՝ ընդգծելով հատկապես մի քիչ զուսպ լինելու պակասն ու դրա անհրաժեշտությունը: Տպավորություն է՝ բոլորը ձվի մեջ մազ են փնտրում՝ իշխանությունն իր ձևով, ընդդիմությունը՝ իր:
Բայց մենք երկրի ներսում պետք է ճիշտ ապրենք, որ զինվորն ավելի լավ իմանա, որ թիկունքում երկիր, ժողովուրդ ու միասնական կամք կա»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում