Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում
CultureՄալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությունն առաջին անգամ հայաստանյան բեմից հնչեց 2017 թվականին «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում։ Դա առաջին հանդիպումն էր հայ երաժշտասերների հետ։ Հետագայում այդ հանդիպումները շարունակվեցին‚ և հայաստանյան ունկնդիրն այսօր արդեն լավ ծանոթ է ժամանակակից հեղինակի արվեստին. այստեղ կատարվել են նրա սիմֆոնիկ‚ կամերային գործերը‚ բեմ է բարձրացել բալետային ներկայացումը։ Հայաստանյան բեմում նույնիսկ ներկայացվել են Շորի գործերի համաշխարհային պրեմիերաներ։ Եվ ամենը՝ լեփ-լեցուն դահլիճներում ու բուռն ծափողջույնների ուղեկցությամբ։
Կոմպոզիտորի ու հայ հանդիսատեսի այս փոխադարձ սերն ու ջերմությունը պատահական չեն։ Ալեքսեյ Շորին շատ բան է կապում Հայաստանի հետ. նա մեծացել է Հայաստանի մասին գեղեցիկ պատմություններ լսելով. նրա հայրը մինչև 12 տարեկանն ապրել է Հայաստանում` Լոռու մարզի Պուշկինո գյուղում և Գյումրիում: Ալեքսեյ Շորը‚ արդեն որպես ճանաչված կոմպոզիտոր‚ հոր հետ բազմիցս այցելել է Հայաստան‚ եղել այն վայրերում‚ որտեղ ժամանակին ապրել է հայրը։
Եվ ահա օրերս Երևանում տեղի ունեցած Music 20 փառատոնի շրջանակում կայացավ Շորի հետ հերթական հանդիպումը։ Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ունկնդրելու նրա «Բյուրեղապակյա դղյակը» սյուիտը‚ «Երաժշտական ուխտագնացություն» ստեղծագործությունը՝ գրված թավջութակի և լարային նվագախմբի համար‚ «Մանհեթնի չորս եղանակները»՝ ջութակի և նվագախմբի համար‚ «Իմ գրապահարանից» դաշնամուրային կոնցերտը‚ «Ծովանկարներ» և այլ ստեղծագործություններ։ Երևանում մեծ ճանաչում ունեցող մենակատարների կողմից ներկայացվեցին Շորի սիմֆոնիկ‚ կամերային ժանրերում գրված աշխատանքները։
Դրանք ունկնդրին հուզում են իրենց մեղեդայնությամբ‚ նրբությամբ. հնչյունները կարծես հյուսում են պատկերներ‚ որոնք ունկնդրի մոտ ստեղծում են ծովանկարների‚ տարվա եղանակների խորհրդավոր զգացողություն։ Շորի զգացմունքային մեղեդիները Երևանում կատարեցին ջութակահարներ Անդրեյ Բարանովը‚ Հայկ Կազազյանը‚ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը‚ Անդրեյ Գուգնինը‚ կլարնետահար Իգոր Ֆյոդորովը‚ թավջութակահար Ալեքսանդր Ռամը և այլ մենակատարներ։
Երևանում Շորի ստեղծագործությունները ներառող համերգները միշտ մարդաշատ են‚ ինչը հուշում է‚ որ դրանք սպասված են։ Իսկ հայ ունկնդրի հետ հերթական հանդիպումը‚ կարծում ենք‚ շատ չի ուշանա‚ և մալթացի կոմպոզիտորին կկարողանանք ոչ միայն ունկնդրել‚ այլև շատ շուտով նաև հյուրընկալել մեր երկրում‚ որը‚ ինչպես ինքն է խոստովանում‚ այնքան սիրում է։
Հիշեցնենք‚ որ Music 20 միջազգային փառատոնը Երևանում կազմակերպել էին Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ իսկ փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։