Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նամակ է ստացել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից, որում շարադրված են Մինսկի մոտակայքում ձերբակալված ՌԴ 33 քաղաքացիների վերաբերյալ փաստերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստերը կուսումնասիրվեն Բելառուսի քննչական կոմիտեում:
Բելառուս առաջնորդի խոսքերով`նամակը բաղկացած է 5 էջից: Լուկաշենկոն պատմել է, որ Պուտինը առաջարկել է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը և կիսվել տեղեկատվությամբ, որը կա Մոսկվայի տրամադրության տակ:
Բելառուսի նախագահը ընդգծել է նաև, որ Մինսկը միշտ պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցության և ընտրություններից հետո հարաբերությունները նորմալ կլինեն:
«Մենք Ռուսաստանի նախագահի հետ որոշում կընդունենք և ոչ մի ԶԼՄ, «Վագներներ» և նմանատիպ բաներ չեն կարողանա ազդել դրա վրա: Սա Ռուսաստանի նախագահի հետ մեր խոսակցության հիմքն է»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուս առաջնորդը նշել է նաև, որ ռուս և ուկրաինացի դատախազները չեն եկել Բելառուս` քննարկելու համար ձերբակալվածների հարցը, նրանք «թքած ունեն նրանց ճակատագրերի վրա»:
«Չեն գա, ուրեմն մենք ինքնուրույն ի մի կբերենք իրավիճակը և կլուծենք այս հարցը: Ուկրաինան, ինչքանով ես եմ տեղեկացված, ուղարկել է իր դիտողություններն ու առաջարկները»,-ասել է Լուկաշենկոն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:
Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը: