«Օսմանյան ժառանգությունը Լիբանանում. Հայոց ցեղասպանություն». թուրքական պարբերականի անդրադարձը (լուսանկարներ)
CultureԹուրքական ընդդիմադիր Gazete Duvar պարբերականը իր «Օսմանյան ժառանգությունը Լիբանանում. Հայոց ցեղասպանություն» հոդվածում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը և դրա ազդեցությանը Լիբանանի վրա:
Պարբերականը գրում է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը վերջին շաբաթվա ընթացքում կենտրոնացած էր Լիբանանի վրա` կապված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Այդ շրջանում բանակցություններ տեղի ունեցան նաև Անկարա-Բեյրութ ձևաչափով:
Այնինչ ընդամենը մեկ տարի առաջ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ էր նկատվում: Ճգնաժամի պատճառը դարձել էր 2019 թվականի սեպտեմբերի 1-ին Լիբանանի անկախության օրվա առթիվ երկրի նախագահ Միշել Աունի խոսքը, որում նա նշել էր, որ Առաջին համաշխարհայինի տարիներին օսմանցիները «պետական ահաբեկչություն» են կատարել իր երկրի նկատմամբ` ընդգծելով, որ սովի մատնվելով հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել այդ ժամանակ:
Թուրքիայի ԱԳՆ-ն այն ժամանակ կտրուկ պատասխան էր տվել այդ հայտարարությանը՝ այն որակելով որպես «զառանցանք», իսկ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը որակելով որպես «կայունության դարաշրջան»:
Անկախ նրանից, թե ինչպիսին են այս երկու երկրների հարաբերությունները, Լիբանանում օսմանյան ժառանգության մասին խոսելիս առաջինը մտքին գալիս է Հայոց ցեղասպանությունը, չնայած, որ Լիբանանի նախագահի անցյալ տարվա խոսքում դա չէր հիշատակվում:
1915 թվականի հետքերից ստեղծված Լիբանանի կարևորագույն տեսարժան և կրոնական վայրերից մեկ, Անթիլիասում գտնվող Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանն է: Կաթողիկոսարանը մինչև 1915 թվականը գտնվում էր Կիլիկիայի կենտրոն հանդիսացող Սիս քաղաքում, սակայն 1915-ից հետո նրա ճակատագիրը փոխվեց:
Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեց Սիսի կաթողիկոսարանի ավելի քան 1000 հոգևորական:
Տարիների ընթացքում, մինչև 1930 թվականը, Կիլիկիայի հայոց կաթողիկոսը նստավայր չուներ: Վերջիվերջո, կաթողիկոսությունը տեղափոխվեց Անթիլիաս` Բեյրութից ոչ հեռու: Չի կարելի թերագնահատել Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանի նշանակությունը Հայ առաքելական եկեղեցու կյանքում, քանի որ այն Հայկական եկեղեցու երկրորդ սրբավայրն է` Էջմիածնից հետո: Կաթողիկոսարանը շարունակում է մնալ հայերի կրոնական կենտրոնը Լիբանանից և Սիրիայից մինչև Կիպրոս, Հունաստանից մինչև Իրան և Պարսից ծոցի երկրներ: Հայ առաքելական եկեղեցին կրոնական բարձր ներկայացուցչություններ ունի նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Վենեսուելայում:
Անթիլիասի այցելուների ուշադրությունը հաճախ գրավում է Կիլիկյան թանգարանը: 1998 թվականի մարտին, թանգարանի բացման արարողության ժամանակ, Կիլիկիայի հայոց կաթողիկոս Արամ 1-ինը իր խոսքում նշել է.«Թանգարանը պատկանում է հայ ազգին, ազգ, որը թանգարաններ է ստեղծել` ապրելով հավատով և մշակույթով, սակայն ազգ, որը ինքը երբևէ թանգարան չի դառնա»:
Կաթողիկոսը բացման արարողության ժամանակ շնորհակալություն է հայտնել Լիբանանին, հայերին աջակցելու, ցեղասպանությունից հետո նրանց ընդունելու և հայկական սփյուռքի համար մայրաքաղաք դառնալու համար: Նա նշել է, որ թանգարանի բացմամբ Լիբանանի հայերը պատմամշակութային կոթող են նվիրում Լիբանանին:
1921 թվականին Կիլիկիայի` թուրքական ուժերի տրամադրության տակ անցնելուց հետո կաթողիկոսարանը վերջնականապես հեռացավ Սիսից՝ իր հետ տանելով եկեղեցական գույքն ու սրբապատկերները, որոնք այժմ ներկայացված են թանգարանում: