«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն
Analysis«1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը` Ստանիսլավ Լեմը, իր առաջին` «Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին:
Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տեսանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտավորականներից մեկն ավելի սկզբունքային հարցերում էր ճիշտ, մենք` 21-րդ հարյուրամյակի մարդիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և ոչ մի լուրջ խնդիր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մակարդակով: Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմային աղետը: Ավելին` դեոևս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, և նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:
Բայց դրան ավելացել են նոր վտանգներ, և, վախենամ, կորոնավիրուսը դրանցից ամենալուրջը չէ: Համավարակը պարզապես նախնական ահազանգ է, որը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, մենք` 8 միլիարդ հոգով շնչում ենք միևնույն օդը և չենք կարող չշփվել իրար հետ ու ներփակվել մեկ քաղաքի կամ մեկ երկրի սահմաններում` դա աղետալի կլինի գլոբալ տնտեսության համար: Եվ, հետևաբար, եթե, ենթադրենք, որ մեկ [պայմանականորեն ասած, «հարուստ»] երկրում բոլորին պատվաստեն, իսկ «աղքատ» երկրում ոչ մեկին չպատվաստեն, ապա վաղ թե ուշ «հարուստների» մոտ վարակը կրկին կտարածվի: Պարզ է, չէ՞, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր` ժողովրդավար կամ ավտորիտար, իրար հանդեպ բարեկամություն կամ թշնամություն անող երկրների ջանքերը:
Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարագայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջանակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին` միացնում են համակարգիչդ, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» և սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երևակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վերլուծում իրավիճակը, և հիմա ասում է, որ մարդկությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարությունները, կարծում եմ, մատների արանքով են նայում` Դոնալդ Թրամփը նրանց թվում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: