Մոսկվայում գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 1-ից․ Սոբյանին
International newsՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում սեպտեմբերի 1-ից կսկսվեն սեզոնային հիվանդությունների՝ գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվասատւմները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Անցած տարի Մոսկվայի մոտ 7 միլիոն քաղաքացու ենք պատվաստել, հսկայական թվաքանակ, որն էլ հենց, հնարավոր է, որ գարնանը՝ կորոնավիրուսի մեկնարկի ժամանակահատվածում, փրկեց մեզ հիվանդությունների սրման պիկից։ Այս տարի պատվաստման նույն ծավալն առնվազն պետք է կրկնել ու ավելի շուտ դա կազմակերպել, քանի որ պատվաստանյութի գործելու համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի՝ այս տարի սեպտեմբերի 1-ից կսկսենք»,- նշել է Սոբյանինը՝ պատասխանելով գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումների ժամկետների մասին հարցին։
Քաղաքապետը նաև հավելել է, որ կորոնավիրուսային իրավիճակը դեռևս կայուն է՝ չնայած մայրաքաղաքային ակտիվ կյանքին։
«Քաղաքում իրավիճակն ընդհանուր կայուն է, բոլոր գնահատականներով սա արդեն իսկ հաջողություն է, քանի որ արդեն տեսնում եք, թե որքան ակտիվ է քաղաքային կյանքն այժմ, հսկայական թվով շրջագայություններ են լինում՝ այդ թվում և շրջանների միջև, հիմա էլ արդեն միջազգային չվերթներն են վերսկսվել․․․ իրավիճակը դեռևս կայուն է, սակայն պետք չէ դրանից թուլանալ, այլ անհրաժեշտ է ձեռնարկությունների, կազմակերպությունների, տրանսպորտի աշխատանքում հետևել բժիշկների պահանջներին»,- եզրափակել է Սոբյանինը։