Փոփոխություններ դպրոցների ֆինանսավորման կարգում
SocietyՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։
Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։
Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։
Առաջարկվող նոր բանաձևում, ի տարբերություն նախորդի, հաշվի է առնվում ոչ միայն սովորողների, այլ նաև տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվը, որին ավելացվում է նաև ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ բազմապատկված մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թվով։
Հիմնական ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ֆինանսավորում է նախատեսված դասղեկության և մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարների համար, որը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին։
Նախկինում այդ գումարի վճարումը թողնված էր դպրոցի հայեցողությանը. դասղեկները և մեթոդմիավորման նախագահները վճարվում էին՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության ֆինանսական վիճակը, առանձին դեպքերում ընդհնարապես չէին վճարվում։
Վարչական անձնակազմի դրույքների թիվը սահմանվում է ըստ դասարանների թվի, իսկ ամսական աշխատավարձը հաշվարկվում է ընդհանուր մոտեցմամբ։
Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենի աշխատավարձը հավասարեցված է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին, փոխտնօրենինը՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին։
Ընդ որում, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 և ավելի դասարանների դեպքում տնօրենի աշխատավարձի գործակիցը կդառնա 1,32, իսկ փոխտնօրեններինը՝ 1,21։
48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և փոխտնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվեն համապատասխանաբար 1,42 և 1,3 գործակիցներ։
Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:
Ֆինանսավորման նոր կարգում սահմանվել են նաև հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության, լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման, շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար նախատեսվող հաստիքների աշխատավարձերը, որոնք նույնպես այսուհետ դիտվում են քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների որոշակի խմբերին համարժեք։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ