Էրդողանին մի պայմանով 2 մլն լիրա կվճարեմ, եթե...Քըլըչդարօղլու
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ` փոխհատուցում պահանջելով այն պնդումների համար, թե Էրդողանն ու նրա ընտանիքը հսկայական հարստություն ունեն արտերկրում: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Էրդողանը մտադիր է 2 միլիոն լիրա (մոտ 270 600 դոլար) պահանջել՝ որպես «վնասի փոխհատուցում»:
Ընդդիմադիր կուսակցապետը, անդրադառնալով իր դեմ ներկայացվելիք դատական նոր հայցին, հայտնել է, որ մի պայմանով Թուրքիայի նախագահին 2 մլն թուրքական լիրա կվճարի. միայն այն դեպքում, երբ վերջինս ԱՄՆ Կոնգրեսի շանտաժին չենթարկվի և որևէ առարկություն չներկայացնի»։
Նրա խոսքով` շանտաժիստներն ուժեղ են դառնում այն ժամանակ, երբ պետությունը կառավարողները, որոնց սպառնում են իրենց ակտիվներով, սպառնալիքի դեմ լուռ են մնում:
«ԱՄՆ Կոնգրեսը, երբ աշխարհի առաջ Թուրքիայի նախագահի աթոռին նստած միհոգավորին ասաց. «ուսումնասիրելու ենք քո ունեցվածքը», Էրդողանը «ձեռնոց նետելու» փոխարեն լռեց»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Նա հիշեցրել է նաև 2005թ. CHP-ի նախագահ Դենիզ Բայքալի օրինակը, որը դիմելով Շվեյցարիայի պատկան մարմիններն, ապացուցել էր, որ արտերկրում ակտիվներ չունի:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, այս և այլ հայտարարությունների պատճառով թուրքական դատարանները ընդդիմադիր գործչին վերջին տարիների ընթացքում արդեն պարտավորեցրել են հազարավոր դոլարների հասնող փոխհատուցում վճարել Էրդողանին՝ հիմնականում «Թուրքիայի նախագահին վիրավորելու» հիմքով։