Պոմպեոն Ռուսաստանին և Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել Իրանի դեմ պատժամիջոցներին չհամաձայնելու դեպքում
International newsԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը և Չինաստանը հրաժարվեն պահպանել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների՝ ԱՄՆ-ի կողմից վերականգնվող ռեժիմը, ապա Վաշինգտոնը կպատասխանի պատժամիջոցներով, գրում է ria.ru-ն։
Fox News հեռուստաալիքի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին կպատասխանի պատժամիջոցներով, եթե նրանք հրաժարվեն կատարել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը, Պոմպեոն դրական պատասխան է տվել։
«Այո՛։ Մենք նախկինում դա արել ենք, երբ տեսել ենք, թե ինչպես են երկրները խախտում ԱՄՆ-ի գործող պատժամիջոցները։ Մենք ամեն երկրի պատասխանատվության ենք ենթարկել դրա համար, և նույն կերպ ենք վարվելու ՄԱԿ-ի ավելի լայն պատժամիջոցների դեպքում»,- ասել է Պոմպեոն հեռուստաեթերում:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարն իր հանձնարարությամբ կուղևորվի ՄԱԿ, որպեսզի կազմակերպությանը տեղեկացնի 2231 բանաձևի շրջանակում հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգի մեկնարկի մասին: ԱՄՆ-ում հայտարարում են, որ պատժամիջոցները կսկսեն գործել ՄԱԿ-ին պաշտոնապես ծանուցելուց 30 օր հետո:
Միացյալ Նահանգները որոշել է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, քանի որ օրեր առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի նկատմամբ մինչ այժմ գործած զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ամերիկյան բանաձևը, բավարար թվով ձայներ չստանալով, չէր ընդունվել: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն այժմ այլ ճանապարհով է փորձում կոմպենսացնել Անվտանգության խորհրդում բանաձևի չընդունումը: