«Երգիչները փորձում են զարմացնել, բայց վատ առումով են զարմացնում». Սևակ Ամրոյանը` իր նոր ալբոմի, տեսահոլովակի և ոլորտի մասին
InterviewԵրգիչ Սևակ Ամրոյանը նորություններ ունի, որոնց մասին պատմել է Tert.am Life-ին:
Երեկվանից բոլոր օնլայն հարթակներում հասանելի է նրա նոր` «Յարխուշտա» ալբոմը, որում ընդգրկված է 11 երգ:
«Ալբոմում ընդգրկված են իմ և Անդրե Սիմոնյանի, Ռոզի Արմենի հետ զուգերգերը, Արփիի ու Վարդան Բադալյանի հետ տրիոն, «Ճամբորդ եմ»-ը և այլ երգեր: Ալբոմի գրաֆիկ դիզայնով, լուսանկարով զբաղվել է Արվին Քոչարյանը,-ասաց նա և հավելեց, որ օրերս Աշուղ Շերամի «Ճամբորդ եմ» երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել, բայց երգը վաղուց էր ձայնագրել:-Քանի որ այս շրջանում պասիվ էի, երգն էլ շատ եմ սիրում, որոշեցի թեթև տեսահոլովակ ունենալ։ Երգի գործիքավորումն արել է Գարեգին Առաքելյանը «Գաթա» բենդից, շնորհակալ եմ նրան: Տեսահոլովակը մասշտաբային չէ, տաղավարային է, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, կարծում եմ, մարդկանց դուր կգա: Այնպիսի երգ է, որը հատուկ ոչինչ չի պահանջում, հաջորդ շաբաթ արդեն կլինի պրեմիերան»:
Սևակի խոսքով` ցանկացել է ձայնագրել «Ճամփորդ եմ» երգը, որպեսզի այն ավելի հասանելի դարձնի երիտասարդներին:
«Աշուղական երգը հետ է մղված շուկայում: Չեմ կարող ասել, թե ինչու, բայց այլ, թեկուզ ցածրորակ երաժշտությունն ավելի մեծ պահանջարկ ունի, քան հայեցի երգերը։ Թեև ամեն ինչ դեպի լավն է գնում: Չեմ մեղադրում ոչ ոքի, շատերն ընտանիք պահելու խնդիր ունեն, կողքից եկամուտ չունեն, բայց ինքս այդ երաժշտությունը չեմ սիրում: Պետք է նաև նշեմ, որ գործում է երբեք մի ասա երբեք սկզբունքը, չգիտեմ` հետո ինչ կլինի: Այս պահին անում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է»:
Ըստ Երգչի` ազգային երաժշտությունը պետք է զարգացնել, թեկուզ նոր գործիքավորմամբ: ««Ժողովրդական երգիչ» նախագծից հետո ժողովրդական երգը, կարծես, արթնացավ: Այդպիսի երգերը հայտնի էին ու տարածված 60-80-ական թվականներին, բայց նախագծի շնորհիվ ավելի հասանելի դարձան այսօրվա երիտասարդությանը: Հիմա շատ է տարածված հին երգերի նոր գործիքավորումը, մոտեցումը, երգիչները փորձում են զարմացնել, բայց վատ առումով են զարմացնում: Ամեն դեպքում, բոլորը լավ բան անել չեն կարող»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ