«Դեֆոլտի ռիսկերը շատ ակնհայտ ու տեսանելի են».«Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է
Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը, երբ մի կողմից՝ ինչ կա-չկա, բարդում են կորոնավիրուսի վրա, մյուս կողմից՝ ասում, թե այն հնարավորություն է ստեղծում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտարկումն է, ում կարծիքով, երկիրը հնարավոր է ղեկավարել անգամ նման պայմաններում, եթե, իհարկե, կան անհրաժեշտ հմտություններ: «Իսկ իրականում շատ ամոթ է, որ փոքր երկիրն այսօրվա դրությամբ վարակակիրների թվով տարածաշրջանում առաջին տեղն է գրավում:
Կառավարությունը պետք է սրա մասին մտածի, ոչ թե ամոթից հղում տա համավարակին: Հիմա մի այնպիսի վիճակ է ստեղծվել, երբ ամեն ինչ համավարակի դեմ պայքարի համատեքստում են դիտարկում, այսինքն, այդ հանգամանքը որպես պատճառաբանություն են բերում ու ասում, թե դա է պատճառը, որ մեզ մոտ շատ գործեր չեն հաջողվում:
Բայց պատճառն ամենևին դա չէ: Մեզ մոտ շատ աշխատանքներ անհաջողության են մատնվում, քանի որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ և ոչ արհեստավարժ պատասխանատուների հետ:
Ու ամենահետաքրքիրն այն է, որ անցած այս ամբողջ ժամանակահատվածը, դրա ընթացքը դեռևս հնարավորություն չի ընձեռել հասկանալու, թե, ի վերջո, կարողանալո՞ւ են գործերն արդյունավետ իրականացնել, թե՞ ոչ: Նույն աջակցման ծրագրերը, ըստ էության, կրում են սպառողական բնույթ: Մինչ այս պահը նորը չի ստեղծվում: Եվ այս առումով, պարզ է, չէ՞, որ անիմաստ է խոսել ներդրումային քաղաքականության, նոր աշխատատեղերի ստեղծման, եկամուտների բարձրացման մասին: Իսկ աջակցությունը, որը տրվում է տնտեսվարող սուբյեկտներին, մեծ հաշվով, կետային բնույթ է կրում: Այդ աջակցությունը, ըստ էության, առոչինչ է դառնում, թեպետ դրա համար պետությունն արտաքին պարտք է ներգրավում:
Ի դեպ, ՀՀ պետական պարտքն աճում է, այն արդեն հասնում է 8 միլիարդի, որն անցած տարվա ՀՆԱ-ի 59 տոկոսն է կազմում: Սա շատ ծանր է: Պատկերավոր ասած՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի 3000 դոլարի չափ պարտք ունի: Այս պարագայում պետական պարտքի վերոնշյալ ցուցանիշը դեֆոլտի մեծ ռիսկեր է առաջացնում: Դեֆոլտի ռիսկերը շատ ակնհայտ են ու տեսանելի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Մյուս կողմից՝ Վ. Բոստանջյանը շեշտում է՝ պետք է մեծապես մեր քաղաքացիների, հայ մարդու շնորհքին ապավինենք. «Այդ իրողության շնորհիվ է, որ մենք չենք հայտնվում կոլապսային վիճակում, որովհետև անգամ ամենածանր վիճակում հայ մարդը թեկուզ մեծագույն դժվարությամբ, բայց կարողանում է գտնել իրավիճակից դուրս գալու միջոցը: Եթե այս բաղադրիչը չլիներ, մեզ մոտ նաև դեֆոլտի հավանականությունը շատ ավելի ցցուն կլիներ»:
Անդրադառնալով եկամուտների անկման խնդրին, ինչպես նաև այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձերի ֆոնդի ավելացմանը, որը եղել է պետական հատվածի աշխատավարձերի հաշվին, տնտեսագետը շեշտեց. «Հիմա պարգևավճարների անվան տակ բարձր աշխատավարձեր են տրվում: Ասում են՝ այդպես ճիշտ է, բայց ճիշտ է այն դեպքում, երբ գործ են անում: Եթե գործ չի կատարվում, արդյունավետությունը չի ապահովվում, ինչի՞ մասին է խոսքը: Խոշոր առումով սա կոչվում է պետական հնարավորությունների, ռեսուրսների, ի վերջո, պետական թալան:
Սրա վերաբերյալ մեծ դժգոհություն կա, բայց համապատասխան ձևով մարդն ամեն անգամ ասում է՝ ճիշտ եմ և վերջ: Յուրաքանչյուր դժգոհություն որևէ ձևով արձագանք չի ստանում: Իսկ բոլոր այն պարագաներում, երբ վիճակագրական կոմիտեն աշխատավարձերի որոշակի աճ է ցույց տալիս, այդ աճը, ըստ էության, այնքան չնչին է: Փոքր եկամուտների պայմաններում այդպիսի աճն առոչինչ է դառնում հատկապես գնաճի պայմաններում:
Այսինքն, գնաճը ջնջում ու այնկողմ է շպրտում աշխատավարձի ցանկացած բարձրացում»: Ամփոփելով ու անդրադառնալով հատկապես մարզերում տեղի ունեցող աշխատանքներին, Վ. Բոստանջյանը նշեց. «Ընթացիկ քայլերը ներկայացվում են որպես մեծ հաջողություն, ինչը զավեշտալի է: Եվ այս ֆոնին կարող ենք լսել անգամ հայտարարություններ այն մասին, թե Հայաստանում երբեք, շեշտում եմ՝ երբեք մանկապարտեզ չի կառուցվել:
Բայց այսպես ճիշտ չէ: Իսկ այս ամենը որտեղի՞ց ծագեց: Ընդհանրապես, այսօրվա կառավարման ամբողջ էներգիան գեթ մի բանի վրա է ծախսվում. Հայաստանը խայտառակել, նախկինում ստեղծածը հավասարեցնել զրոյի՝ ցույց տալու համար, թե միայն հիմա է, որ ուզում ենք երկիր կառուցել: Ու ցավալին այն է, որ այնքան պողոսներ կան, որ բավարարվում են դրանով»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում