Մելանյա Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան Վարդերի պարտեզի՝ գրեթե 60 տարվա ընթացքում առաջին բարեկարգման աշխատանքների արդյունքները (լուսանկարներ)
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, իր թվիթերյան օգտահաշվում ներկայացրել է Սպիտակ տան Վարդերի պարտեզի՝ գրեթե 60 տարվա ընթացքում առաջին վերանորոգման աշխատանքների արդյունքները, գրում է Daily Mail-ը։
Բարելավման աշխատանքներից հետո այգու մեջտեղի հատվածում կանաչապատ տարածություն է, իսկ կողային հատվածներում՝ կրաքարային սալաքարերով նոր ուղիներ։
Պարտեզում հիմնականում գերակշռում են սպիտակ վարդերը։ Հաղորդվում է, որ բարելավման աշխատանքների ընթացքում այգուց հեռացվել է 10 խնձորենի, քանի որ ստվեր են գցել պարտեզի մյուս ծաղիկների վրա։ Դրանք տեղափոխվել են Սպիտակ տան ջերմոց։
Նշվում է, որ առաջին տիկնոջ նպատակը պարտեզն իր արմատներին՝ Ջոն Քենեդիի նախագահության տարիներին դիզայներ և բարերար Ռեյչլ Լամբերթ Մելոնի նախագծած տեսքին վերադարձնելն է եղել։
Մելանյա Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը բարեկարգված Վարդերի պարտեզի պատվին ընդունելություն կանցկացնեն, իսկ Հանրապետական ազգային համագումարում առաջին տիկինը ելույթ կունենա հենց պարտեզից:
Սպիտակ տունը չի հրապարակել բարեկարգման աշխատանքների համար ծախսված գումարի չափը, սակայն, ըստ հաղորդման, այն ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին: