«Շատ են պատմությունները, որոնցից կարմրում եմ:)». Լիանա Վանոյան
InterviewԱյս տարի սեպտեմբերմեկյան ուրախ եռուզեռ չի լինի, եւ BRAVO.am-ը նախադպրոցական այդ տրամադրությունը ստեղծելու նպատակով իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցների շարք, որում հայտնիները պատմում են իրենց դպրոցական կյանքից՝ սիրելի առարկաներից մինչեւ ամենազվարճալի պատմություններ, առաջին սեր ու խոստովանություն: Մեր «մատյանում» հաջորդը Լիանա Վանոյանն է. դերասանուհին ավարտել է Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 ավագ դպրոցը:
- Լիանա, դպրոցում կա՞ր առարկա, որը չէիք հասկանում, բայց շարունակում էիք խելոք հայացքով լսել ուսուցչուհուն:
- Կային. ոչ թե մեկը, այլ՝ երեքը՝ ֆիզիկա, քիմիա, հանրահաշիվ (ծիծաղում է,-հեղ.):
- Իսկ ո՞ր առարկայից ունեիք ամենաբարձր թվանշանները:
-Հումանիտար առարկաներից ունեի բավական լավ գնահատականներ՝ ռուսերենից, հայոց լեզվից: Մեր դպրոցի «գրականության խորհրդանիշն» էի. կարելի է ասել՝ չորրորդ դասարանից ես արդեն փոքրիկ բանասեր էի (ծիծաղում է,-հեղ):
- Ձեր ամենասիրելի ուսուցչուհին:
- Իմ շատ սիրելի ընկեր Բեգլարյանը՝ մեր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:
- Դասից փախուստ նախաձեռնողների խմբում Ձեր անունը կա՞ր:
- Նախաձեռնող չեմ եղել, բայց միշտ սպասում էի, որ նախաձեռնեն, ես էլ մասնակցեմ (ծիծաղում է,-հեղ.):
- Միջադեպ, որի պատճառով մինչ օրս կարմրում եք:
- Դպրոցում շատ լավ եմ սովորել, բայց խայտառակ չարաճճի եմ եղել, ինչի պատճառով էլ շատ են պատմությունները, որոնցից կարմրում եմ: Առաջին դասարանում ուսուցչուհին գրատախտակին դասն էր բացատրում, ու հանկարծ դասընկերներիցս մեկն ասաց՝ «Ընկեր Օհանյան, կարո՞ղ եմ տուն գնալ, ստամոքսս ցավում է»: Մի քանի րոպե անց ընկեր Օհանյանը պտտվեց, հարցրեց՝ ով էր ուզում տուն գնալ, պատասխանեցի՝ ես: Ինձ ուղարկեցին տուն, իսկ արդեն հաջորդ օրը պարզվեց, որ դասընկերուհուս կույր աղիքը պայթել է:
Առաջին դասարանում շատ պատմություններ են եղել (ծիծաղում է,-հեղ.): Մի անգամ էլ ֆիզկուլտուրայի դասին, երբ դասընկերներս եւ ուսուցիչը դահլիճում չէին, պարանով բարձրացել էի մինչեւ առաստաղ ու չէի կարողանում իջնել: Այս պատմությունը ոտքիս վրա թողեց եւս մի սպի:
- Ձեր դասարանը նույնպե՞ս դպրոցի ամենաչար դասարանն էր, որին բոլորը սիրում էին:
- Ո՛չ, ակտիվ ենք եղել, բայց չար դասարան չէիք համարվում: Խելացի դասարան էինք՝ այսինքն լավ սովորողները շատ էին: Կուզեմ նշել, որ մեր դպրոցում անընդհատ զարգանալու հնարավորություն կար՝ շնորհիվ հրաշալի մի քանի ուսուցչուհիների, որոնք բացի դասերից, մեծ ազդեցություն ունեին նաեւ հենց վարքի առումով:
- Ձեր ամենամտերիմ դասընկերոջ հետ այժմ շփվո՞ւմ եք:
- Իմ մանկության ընկերներից մեկ-երկուսի հետ շփվում եմ, բայց մնացածի հետ, ցավոք, կապ չենք պահում, որովհետեւ շատերն արդեն ամուսնացած են, ունեն երեխաներ, եւ կարծում եմ՝ նրանց անհանգստացնելն ու ընտանեկան հոգսերից կտրելն անտեղի կլինի, հետո մեր հետաքրքրություններն էլ այլ են:
- Սիրահարվե՞լ եք դասընկերոջը:):
- Երբեք. միշտ կարգին երեխա եմ եղել՝ իմ թացն ու չորը տարբերող: Եթե սիրահարվեի, անիմաստ տանջվելու էի, դրա փոխարեն դեկտեմբերին դասընկերներիս գլխին ջուր էի լցնում (ծիծաղում է,-հեղ.):
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ