«ԱՄՆ-ն Լուսին կուղարկի առաջին կին տիեզերագնացին և կլինի առաջինը, որը Մարսի վրա կբարձրացնի երկրի դրոշը»․ Թրամփ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգներն առաջինը կին տիեզերագնաց կուղարկի Լուսին՝ դառնալով նաև առաջին պետությունը, որը Մարսի վրա կբարձրացնի երկրի դրոշը: Այս մասին նա հայտարարել է Հանրապետական կուսակցության համագումարում, գրում է Daily Express-ը։
«Մենք տիեզերքում ամերիկյան առաջնորդության մի նոր դարաշրջան ենք սկսում, ԱՄՆ-ն Լուսին կուղարկի առաջին կին տիեզերագնացին և կլինի առաջինը, որը Մարսի վրա կբարձրացնի երկրի դրոշը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ տիեզերական հետազոտություններում կանանց դերի թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ տիեզերական գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը հայտարարել էր, որ «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանակում արդեն մի քանի տարի անց կին տիեզերագնացները կկարողանան ոտք դնել Լուսնի մակերևույթին։
«Լուսնի հետազոտության մեր ծրագիրը հիմնված է կին առաջամարտիկների ներդրման վրա։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ՆԱՍԱ-ի այն կին աշխատակցուհիներին, որոնք թռիչքներ են կատարել դեպի տիեզերք, ինչպես նաև ապագա կանանց, որոնք պատրաստվում են նույնն անել»,- ասել է տիեզերական գործակալության տնօրենը:
ՆԱՍԱ-ն այս տարվա մարտից սկսել է լուսնային նոր՝ «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը:
Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի, ինժեներիայի, կենսաբանության, ֆիզիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ոլորտներում ունենան բարձրագույն կրթություն, օդաչուական դպրոցի կամ էլ բժշկության բնագավառում ասպիրանտուրայի ավարտական դիպլոմ:
Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք կկատարեն արդեն 2024թ., ինչից հետո կտրվի մարդկանց Մարս մոլորակ ուղարկելու հավակնոտ ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: ՆԱՍԱ-ն Մարսի հետ կապված ծրագիրը մտադիր է իրականացնել 2030-ական թվականների կեսերին:
ԱՄՆ-ում բազմիցս ընդգծել են, որ ՆԱՍԱ-ն ծրագիրն իրականացնում է առևտրային գործընկերների հետ փոխգործակցության հիման վրա, ինչպես նաև ակնկալում է միջազգային համագործակցություն: