«Այս մոդելով անհրաժեշտության դեպքում կարող ենք բանակի ռեզերվային ուժերի էլ ավելի արդյունավետ բաշխում իրականացնել». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի, սահմանվում են աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ նախագծի ներկայացումը բխում է ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով նախագծին, աշխարհազոր ստեղծելու հիմքերին ու կարևորությանը, «Փաստի» հետ զրույցում նշվածին անդրադարձավ մի քանի կողմից: «Շատ կարևորելով այդ գաղափարը՝ միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այն դեռ սաղմնային փուլում է՝ սկսած զորախմբերը ղեկավարելու հատվածով, որը, ըստ նախագծի, դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, վերջացրած մի շարք այլ իրավակարգավորումներով, որոնք հստակ սահմանում են պետության հետ աշխարհազորայինների հարաբերությունը:
Կարծում եմ՝ նախագիծը դեռ պետք է լայն քննարկման փուլ անցնի, և ցանկալի է, որ այդ քննարկմանը իրենց մասնակցությունն ունենան թեմայի հետ առնչվող հասարակության տարբեր շերտեր, նախկին և ներկա զինվորականներ, փորձագետներ և այլն»,ասաց Վ. Մանգասարյանը: Խոսելով վերոնշյալի կարևորության մասին՝ նա շեշտեց. «Պահեստազորի մարտունակության բարձրացմանը միտված այս մոդելով մենք կարող ենք անհրաժեշտության դեպքում բանակի ռեզերվային ուժերի էլ ավելի արդյունավետ բաշխում իրականացնել»:
Այդուհանդերձ, փորձագետը նկատեց, որ նախագծի վերաբերյալ մանրամասն դետալներ դեռ հայտնի չեն, և ամբողջական պատկերացում կազմելը դժվար է. «Շրջանառության մեջ դրված նախագծի տեքստի համաձայն, զորախումբը խաղաղ պայմաններում ղեկավարվելու է համայնքների ղեկավարների տեղակալների կողմից, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարումը ստանձնելու է համայնքի ղեկավարը: Իմ կարծիքով, ղեկավարման այս մոդելը բավականին խնդրահարույց է, այստեղ ավելի նպատակահարմար կլինի օգտագործել մեր պահեստազորի սպայական ռեսուրսը:
Այդ մոդելն արդյունավետ կլինի այն դեպքում, երբ հատուկ այդ զորախմբերի ղեկավար սպայակազմի համար համայնքապետարաններում բացվեն լրացուցիչ հաստիքներ»: Վիտալի Մանգասարյանն ընդգծեց՝ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է, և վտանգի աճի կամ նվազմանը զուգահեռ պաշտպանական գերատեսչությունը քայլեր կատարել է. «Այնուամենայնիվ, այս առումով պետք է հաշվի առնենք նաև ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները, մասնավորապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ պայմանավորված հատկապես թուրքական հանգամանքով:
Նոր իրողություններում նոր մոտեցումները, կարծում եմ, տրամաբանական են: Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանամետ ռազմատենչ հայտարարությունների ակտիվությունը և պարբերականությունը մեզ հուշում են, որ մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և ունենանք մաքսիմալ մարտունակ պահեստազոր»: