Հոգեհան անող լռության ու անորոշության սեպտեմբերի 1-ը
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Սպիտակ հսկա ժապավեն, սև ու սպիտակ համազգեստ, գույնզգույն պայուսակ, մի փունջ ծաղիկ, թվացյալ խոժոռված դեմք, բայց իրականում անորոշության զգացում, աչքերում քարացած հարց՝ այս որտեղ եմ հայտնվել: Սա մի պատկեր է հեռավոր 1995 թվականից, երբ առաջին անգամ մուտք գործեցի դպրոց: Պատկերացումներ դպրոցի մասին ունեի, բանաստեղծություններ գիտեի, հեքիաթներ էի պատմում, գրել նախքան դպրոցն այդպես էլ չսովորեցի, բայց միևնույն է՝ անհարմար իրավիճակ էր:
Մի խումբ անծանոթ երեխաներ, ուսուցչուհի, որն աչք էր ծակում իր էլեգանտությամբ, գրագետ հայերենով, իսկ օծանելիքի անուշաբույրը տարածվել էր ողջ դասարանում, գրքեր ու տետրեր սեղանին, ամենավերևում՝ դեղին և կապույտ կազմով Այբբենարանը, կողքի դասասեղանի մոտ նստած լացող աղջիկը, որն անդադար մայրիկին էր կանչում: Սրանք առաջին հիշողություններն են դպրոցից, գուցե նաև լավագույնները: Հետո ամեն ինչ մի տեսակ սովորականի պես էր՝ դասեր, գնահատական, քննություններ:
Ավաղ, առաջին ուսուցչուհիս ողջ չէ, բայց նրա կարևորագույն խորհուրդները, խստությունն իր աշակերտներից գրեթե բոլորի համար ճանապարհ հարթեցին: Պահանջը մեկն էր՝ հայոց լեզվին պետք է կատարյալ տիրապետեք, դա պարտադիր է, հետաքրքիր էր՝ երբեմն նաև հավատքի մասին էր մեզ հետ զրուցում: Իր շնորհիվ սովորեցինք տերունական աղոթքը: Նա մինչ օրս էլ ինձ համար մնում է մանկավարժի լավագույն օրինակներից մեկը:
Հետո արդեն բարձր դասարաններ, փոխվեցին պահանջները, առաջ եկան մեր հետաքրքրությունները, սկզբունքները: Տարբեր մարդկանցից հաճախ եմ լսում՝ «կուզենայի դպրոց վերադառնալ» արտահայտությունը: Անկեղծ խոստովանություն կանեմ՝ ավարտելուցս հետո 15 տարի է անցել, բայց նման ցանկություն երբևէ չեմ ունեցել, ոչ թե որ ուսուցիչներրը լավը չէին, կամ էլ հաճույքով չեմ սովորել, բնավ, ուղղակի շատերս մեր կյանքի այդ փուլը վերջնական ենք փակում՝ մեզ հետ տանելով հաճելի հիշողություններ, գիտելիք, ընկերներ և այդքանը:
Գուցե դպրոց վերադառնալու ցանկությունը մենք ավելի հաճախ ասոցացնում ենք մանկության ու անհոգության հետ: Հնարավոր է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլիներ ուսումնական ողջ տարին, սեպտեմբերի մեկը տոն է բոլորի համար, երբեմն, իհարկե, անհարկի և հարևաններին ու բարեկամներին ինչ-որ բան ցույց տալու համար կատարվող ծախսերի շքահանդես, բայց ամեն դեպքում տոն, լավագույններից մեկը յուրաքանչյուրի համար: Իսկ երեկ Հայաստանում այդ տոնը չկայացավ: Սեպտեմբերի 1-ի առավոտյան անսովոր լռություն էր տիրում մեր փողոցում:
Երկու հանրակրթական դպրոցների հարակից փողոցում բնակվել և ուսումնական տարվա առաջին օրը չարթնանալ դպրոց շտապող երեխաների աշխույժ, երբեմն էլ երեխաներից առավել ոգևորված ծնողների ձայներից, ուղղակի անթույլատրելի է: Բայց այս տարին այլ է, այս տարի սեպտեմբերի մեկին հայաստանյան դպրոցները չեն ընդունում աշակերտներին: Մի տեսակ տոնական տրամադրություն էլ չկա, դա անգամ գնումներից է երևում: Նախորդ տարիներին օգոստոսի վերջին շաբաթը խանութներ կամ էլ տոնավաճառներ այցելելն իսկական փորձություն կարող էր դառնալ մարդու համար: Հիմա ամեն տեղ մի տեսակ հոգեհան անող լռություն է, անորոշությունը պարուրել է մեզ և պոկ չի գալիս:
Ո՞վ կհավատար, որ 2020 թվականը մեզ այսքան շատ տհաճ անակնկալներ է մատուցելու: Մի կողմ թողնելով այսօրվա բարձրագոչ շնորհավորանքները՝ կրթության ու գիտության կարևորության մասին հիացական մտքերը, կարևոր է նշել՝ տոնական տրամադրությունը պետք է յուրաքանչյուրիս ներսում լինի և ուղեկցի ողջ տարվա ընթացքում: Մեր ծնողների ներսում, որոնցից շատերը մեծ դժվարությամբ են երեխաներին ճանապարհում դպրոց, ուսուցիչների, որոնք, ցավոք, այնքան էլ բարձր չեն վարձատրվում, երիտասարդների, որոնք, որպես ուսուցիչներ, առաջին անգամ մուտք են գործելու դպրոցներ կարևորագույն՝ սերունդներին կրթելու առաքելությամբ:
Ի վերջո, կրթված անհատներն են երկրի ու հասարակության հիմքը: Երեխաներին պետք է սովորեցնել ամենակարևորը՝ կյանքի յուրաքանչյուր փուլում բոլոր փակված դռները բացում է գիտելիքը: Ի դեպ, սա ապացուցված է սեփական փորձով: Շնորհավոր սեպտեմբերի մեկ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում