Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում կհանդիպեն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Լավրով
International newsՌուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա 2 շաբաթների ընթացքում Մոսկվայում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի էլ Մինսկ կայցելի Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:
«Հայտարարվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռուսական մայրաքաղաքում նաև երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում կլինի: Սա ընդգծում է իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում մեր երկկողմանի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացել էին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում 80 տոկոս ձայնով 6-րդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում են նոր ընտրությունների անցկացում: