«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին
InterviewՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանն այսօր տոնում է 57-ամյակը: Tert.am Life-ն այդ առթիվ զրուցել է նրա հետ` օրվա, թոռնիկների անակնկալի, տարիքի, կորուստների մասին:
- Ինչպիսի՞ տրամադրությամբ եք արթնացել:
- Ես որոշել եմ, որ պետք է իմ ծննդյան օրերին լավ տրամադրություն ունենամ: Երբ այդ օրը տրամադրությունդ ընկնում է, նշանակում է դու շատ ես սիրում քո եսն ու կենտրոնացած ես սեփական անձիդ վրա: Իսկ ես չեմ ցանկանում կենտրոնանալ իմ անձի վրա: Այնպես որ, այսօր հրաշալի տրամադրություն ունեմ:
- Ինչպե՞ս եք տոնելու օրը:
- Կտոնեմ իմ սիրելի թատրոնում, քանի որ այսօր բացօթյա ներկայացում ունենք: Ես չեմ խաղում, բայց մեծ հաճույքով գնալու եմ դիտելու: Ովքեր ցանկանում են, կգան կշնորհավորեն:
- Անակնկալներ արդեն մատուցե՞լ են Ձեզ:
- Թոռնիկներս առավոտյան եկան, շնորհավորեցին: Իրենց ձեռքերով նվերներ էին պատրաստել` նկարների տեսքով: Ինձ համար դա է ամենաթանկ նվերը: Ավագ թոռնուհիս` Էլմին, շատ է մեծացել: Երեկ հայտնաբերեցինք, որ ներկայացման համար անցած տարի կարված կիսաշրջազգեստը ծնկներից է, իսկ անցած տարի շատ երկար էր: Մեծացան…
- Արդեն 57 տարեկան եք... ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:
- 60-ից երեք եմ պակաս արդեն, բայց առավոտյան արթնանում եմ 3 տարեկանի զգացողությամբ: Ինձ թվում է` մայրս կգա ու կժպտա ինձ, հայրիկս կգա: Միայն թե օրվա մեջ պետք է պայքարեմ, որ այդ զգացողությունն ինձ մենակ չթողնի, հոգսերն ու առօրյան չաղտոտեն այդ երիտասարդությունը: Եթե մենք պաշտպանենք մեր սիրտը չներելուց, վիրավորվելուց, այլ հակառակը` ներելով, չվիրավորվելով լցնենք մեր սիրտը, այն չի ծերանա: Ժպտալ է պետք ոչ միայն արտաքնապես, այլև հոգեպես:
-Այսօր մարդկանց վախերն ու անհանգստությունները շատ են. ժպտալն այս դեպքում բա՞րդ չէ:
- Նեղությունները միայն սրբում ու ավելի փայլուն են դարձնում մարդուն, դրանք միշտ են լինելու, չարժե դրանց համար ինքդ քեզ կեղեքել ու ամեն օր մահանալ: Նեղություններից հետո պետք է կոփվենք, ավելի տոկուն, աշխարհի համար ներդրվող մարդ դառնանք: Պետք չէ վախենալ կորուստներից, հիվանդությունից: Ես ծանր հիվանդ մարդկանց եմ տեսել, ովքեր այդ ընթացքում դարձել են ավելի լավը, ձեռք են բերել խորը սիրտ: Ես չեմ ասում, որ պետք է հիվանդ լինենք: Ուզում եմ առողջ լինենք, երկար կյանք լինի, չլինեն պատահարները, բայց դրանք անընդհատ լինում են: Հոգու երիտասարդությունը, ծաղկունքը, ներքին ուրախությունը դրանց հետ կապ չունեն: Ես տեսել եմ նաև երկար կյանք ունեցող, հարուստ մարդիկ, ովքեր երջանիկ չեն եղել: Հաճախ նրանք ավելի շատ բանի պակաս ունեն, քան այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ, բայց ունեն մեծ սիրտ:
- Դուք այդ գիտակցմա՞մբ եք ապրում:
- Մենք բառերով արտահայտում ենք այն, ինչով լցված է մեր սիրտը: Ես էլ կատարյալ չեմ, բոլորի պես պայքարում եմ այդպիսին լինելու համար: Այս տարի ֆիզիկական կորուստներ ունեցա, շատ ընկերներ գնացին, շատերը հիվանդացան, բայց հաղթահարեցին խնդիրը: Ովքեր գնացին, ինձ համար կորուստ չեն, որովհետև կյանքը մեկ ակնթարթ է, նրանց բոլորին շուտով հանդիպելու եմ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ