«Այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները». Խոսրով Նալբանդյան
InterviewԴերասան Խոսրով Նալբանդյանն օրերս դարձել է 26 տարեկան: Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմել է ընկերուհու` Մարի Բադեյանի անակնկալների, իր նպատակների, անձնական և մասնագիտական նորությունների մասին:
Խոսրովն ասաց, որ ընկերուհին երկու անակնկալ է մատուցել իրեն. առաջինը` կեսգիշերին: «Ծննդյան օրվանից մեկ օր առաջ հեռախոսս կոտրել էի, Մարին կեսգիշերին անակնկալ մատուցեց, եկավ մեր տուն և ինձ հեռախոս նվիրեց: Ճիշտ է, չգիտեի անակնկալի մասին, բայց գուշակում էի, որովհետև Մարին անընդհատ հարցնում էր` ինչ հեռախոս եմ ցանկանում ունենալ: Ամեն դեպքում, ստացված անակնկալ էր: Ընկերներս էլ կեսգիշերին եկան, շնորհավորեցին, հետո հենց ծննդյան օրը` երեկոյան, նորից նշեցինք միասին»,-ասաց նա:
Դերասանի խոսքով` հաջորդ անակնկալն իրեն առավոտյան էր սպասում. «Վաղ առավոտյան Մարիի հետ գնացինք շրջագայության` Հայաստանի գեղատեսիլ վայրերով: Առաջին կանգառը Տաթևի վանքն էր, որտեղ մեկ անգամ եղել էի, բայց շատ փոքր տարիքում: Մի քանի կադրեր կային մտքումս, որոնք տպավորվել էին, փորձում էի վերհիշել: Հետո գնացինք «Սատանի կամուրջ» կոչվող վայրը, Խնձորեսկ և Շաքիի ջրվեժ, շատ տպավորիչ օր ունեցանք»:
Խոսրովը նշեց, որ մինչև Մարիի հետ ընկերություն անելն իր ծննդյան օրերն ընկերների հետ է անցկացրել, Մարիին հանդիպելուց հետո երկրորդ տարին է՝ ամբողջ օրը միասին են անցկացնում: «Մարիին հանդիպելուց հետո նա է պլանավորում և լցնում իմ ծննդյան օրերը: Այդ օրը բարձր տրամադրություն եմ ունենում, բայց հաջորդ օրը մտքեր են լինում, որ մեկ տարով մեծացել եմ: Հասկանում եմ, որ կյանքն ակնթարթ է ու արագ է անցնում, տարին պտտվում է, ես էլ մեծանում եմ,-ասաց նա և հավելեց, որ հոգեպես իրեն շատ ավելի երիտասարդ, առույգ է զգում,-Պետք է վայելել ամեն օրը, պահը, որովհետև կյանքը մեկ անգամ է տրվում: Եթե ցանկություն ունենաս, կհասցնես անել ամեն ինչ, իրագործել նպատակներդ: Բոլորս էլ աշխատում ենք հասնել այն կետին, որի մասին երազում ենք»:
Խոսրովը նախատեսում է այս տարի օրինականացնել հարաբերությունները Մարիի հետ. «Չեմ ուզում օրն ասել, որովհետև Մարին կկարդա, իսկ ես ուզում եմ` նրա համար անակնկալ լինի»:
Ըստ դերասանի` անցնող տարին շատերի մեջ հետք թողեց, բայց իր համար անհաջող չէր. «Համաճարակային տարի է, որն ուղղակի փոքրիկ փորձություն է, պետք է հաղթահարենք, անցնեք մեր առօրյա կյանքին: Այս տարի շատ ձեռքբերումներ, բավականին շատ նկարահանումներ ունեցա: Բացի իմ մասնագիտությունը, ունեմ նաև բիզնես: Նպատակս է`այս տարի ընդլայնել այն, մտնել միջազգային շուկա: Ամեն օր աշխատում եմ այդ ուղղությամբ, փորձում ինչ-որ բան անել: Հուսով եմ` մինչև այս տարվա վերջ կիրագործեմ նպատակս»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ