Խորհուրդ տալ կարող են բոլորը, գործ անել է պետք. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրներից մեկն էլ գործազրկությունն է։ Նշենք, որ գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի։ Իսկ գործազրկության ցուցանիշը հաշվարկվում է գործազուրկների թիվը հարաբերելով տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակին։ Տնտեսագետները գործազրկությունը դիտարկում են որպես առաջատար տնտեսական ազդակ, որի միջոցով կարելի է կանխատեսել մյուս տնտեսական ցուցանիշների մակարդակը:
Եվ ուշագրավ է, որ գործազրկության բարձր մակարդակը խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացումը և դառնում նպաստող գործոն կապիտալի արտահոսքի համար։ Իսկ ավելի լայն իմաստով աշխատատեղերի կորուստը բնակչության համար նշանակում է կենսամակարդակի կտրուկ անկում և բարոյահոգեբանական ծանր հարված: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում գործազրկության խնդիրը թե՛ ներքաղաքական դաշտում, թե՛ միջազգային ասպարեզում գտնվում է քննարկումների կիզակետում, քանի որ գործազրկության աճը վտանգ է ներկայացնում ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կայունության համար:
Ավելին՝ համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի պայմաններում աշխատատեղերի կորուստը և բնակչության սոցիալական վիճակի վատացումն իր մեջ լուրջ ապակայունացնող գործոն է պարունակում, դա կարող է պատճառ դառնալ մի շարք երկրներում սոցիալական ընդվզումների, կոնֆլիկտների, ինչու չէ՝ նաև նոր միգրացիոն հոսքերի։ Գործազրկության հիմնախնդիրն այսօր չափազանց արդիական է նաև Հայաստանում: Տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, իսկ տնտեսական որոշ ճյուղեր ուղղակի ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը և աշխատողներին տուն ուղարկել։
Կան նաև ոլորտներ, որոնք շարունակում են իրենց գործունեությունը, սակայն շարժվում են աշխատակազմերի կրճատման ճանապարհով։ Սրան էլ գումարվում է այն, որ տասնյակհազարավոր քաղաքացիներ այս տարի չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի և համալրեցին գործազուրկների շարքերը։ Իսկ մի խումբ քաղաքացիներ արդեն մեկ ամիս է, ինչ բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության և արտաքին գործերի նախարարության շենքերի դիմաց` պահանջելով իրենց թույլ տալ Ռուսաստան մեկնել։ Այսպիսի իրավիճակում, երբ գործազրկության մակարդակը ահագնացող չափերի է հասել, իշխանությունները որոշեցին խթանել կապիտալ ծախսերի իրականացումը, ինչը նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն է ստեղծում։
Սակայն տարվա առաջին կեսի ավարտին պարզ դարձավ, որ կատարվել էր ընդամենը 46-47 մլրդ դրամի ծախս։ Այն առաջին կիսամյակի նախատեսվածի նույնիսկ կեսից պակաս էր։ Այսինքն՝ կապիտալ ծախսերը թերակատարվում են։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ միայն կապիտալ ծախսերի իրականացումը բավարար չէ աշխատատեղերի վերականգնման հարցը հիմնովին լուծելու համար։ Կապիտալ ծախսերի աշխատանքներում ներգրավված մարդիկ դրանց ավարտից հետո կրկին աշխատանք են փնտրելու։ Այսինքն՝ դա միայն ժամանակավոր լուծում է և երկարաժամկետ կտրվածքով չի նպաստելու գործազրկության կրճատմանը։
Դրա փոխարեն ավելի համակարգային ծրագրեր են պետք, որոնք պետք է ստեղծեն մշտական աշխատատեղեր, ավելի ստույգ՝ հիմքեր ձևավորեն երկրում մշտական աշխատատեղեր ապահովելու համար։ Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է խրախուսել ներդրումները, արտադրությունը, արտոնյալ պայմաններ ստեղծել այն ընկերությունների համար, որոնք մեծ թվով քաղաքացիների կընդունեն աշխատանքի և այլն։ Բայց փոխանակ այսպիսի հարցերին մեծ ուշադրություն դարձնեն, իշխանությունները կենտրոնանում են նրա վրա, թե ինչ նոր հարկերով կարող են ծանրաբեռնել բնակչությանը, որ կարողանան բյուջեն լցնել։
Եվ ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ընթացքում բնակիչների հետ զրույցում, անդրադառնալով գույքահարկի թեմային, հայտարարեց. «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնում է ճանապարհ։ Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու»։ Ստացվում է, թե վարչապետին հետաքրքիր էլ չի, որ մեծ թվով մարդիկ ուղղակիորեն մնացել են առանց աշխատանքի և եկամուտների, նրանք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, նույնիսկ ծխախոտ կամ օղի գնելու հնարավորություն չեն ունենա, այն էլ այս թանկացումների պարագայում, ուր մնաց, որ գույքահարկը վճարելու հնարավորություն ունենան։
Ու ընդհանրապես, այս պայմաններում, երբ մարդիկ մի կերպ են հացի գումար վաստակում, խորհուրդ տալ խնայել, խնայողական ապրել, մոշ հավաքելու համար օտար լեզու սովորել, պարզապես ծաղր է: Այդպիսի մի ղեկավար էլ ունեինք, որ խորհուրդ էր տալիս հարևանից պարտք վերցնել: Տպավորություն է, թե իշխանությունները դառը իրականությունը դեռևս վարդագույն ակնոցներով են տեսնում, սակայն այսպես շարունակվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կլսեն գործազուրկ դարձած, եկամտի աղբյուրներից զրկված, հարկախեղդ եղած և, ընդհանրապես, դատարկ խորհուրդներից ու մուննաթներից զզված բազմահազար մարդկանց ձայնը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում