«Լիարժեք մրցակցություն պատկերացնելը դժվար է». ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում և ինչո՞ւ է գինը բարձրանում
Economics«Փաստ» օրաթերթը գրում է
Օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում կրկին գնաճ է արձանագրվել: Այս անգամ բենզինի գինը բարձրացել է 8,7, դիզվառելիքինը՝ 1,1 տոկոսով: Մինչդեռ նկատենք, որ հատկապես ապրիլ, մայիս ամիսներին այս շուկայում կտրուկ գնանկում էր եղել: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, գների բարձրացումը պայմանավորված է այն նույն գործոններով, որոնք ժամանակին հանգեցրել էին շուկայում առկա գնանկմանը:
«Առաջին գործոնը կապված է համաշխարհային տնտեսության հետ: Համավարակի հետևանքով դեռ նախորդ տարվա վերջից էական սահմանափակումներ եղան, որոնք վառելիքաէներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ դիզվառելիքի ու բենզինի պահանջարկի էական կրճատման հանգեցրին: Այդ ժամանակ դիզվառելիքի, բենզինի և, ընդհանրապես, նավթի շուկայում էական գնանկում տեղի ունեցավ: Հայաստանում ևս էապես կրճատվեց բենզինի և դիզվառելիքի պահանջարկը՝ կապված թե՛ տրանսպորտային, թե՛ ընդհանուր տնտեսական սահմանափակումների հետ:
Եվ բնական էր, որ նման իրավիճակում գինը պետք է նվազեր: Ավելին, կարծում եմ՝ ավելի շատ պետք է նվազեր. եթե այստեղ իրապես ազատ մրցակցություն լիներ, գոնե միջազգային շուկային համարժեք նվազում պետք է լիներ: Այնուամենայնիվ, հիմա միջազգային շուկայում պահանջարկը որոշակիորեն վերականգնվում է, սահմանափակումները մեղմվում են, գների որոշակի բարձրացում է նկատվում նավթի շուկայում: Սահմանափակումների մեղմացման արդյունքում բենզինի և դիզվառելիքի պահանջարկն ավելացել է նաև մեր երկրում:
Ընդհանուր առմամբ, միջազգային շուկայում բարձրացած գներն ու մեր երկրում պահանջարկի ավելացումը այն երկու գործոններն են, որոնք նպաստել են բենզինի ու դիզելային վառելիքի գների բարձրացմանը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը: Ինչ վերաբերում է հայաստանյան բենզինի շուկայում առկա իրավիճակին, տնտեսագետը նշեց, որ առհասարակ պետք է հասկանանք, որ մեզ մոտ բարձր մրցակցություն ապահովելու օբյեկտիվ սահմանափակումներ ունենք: «Նախ՝ փոքր շուկա է, և, բնականաբար, այստեղ ազատ, լիարժեք մրցակցություն պատկերացնելը դժվար է: Հասկանալի է նաև, որ հնարավոր չէ փոքր պահանջարկի, փոքր շուկայի պարագայում շատ ներկրողներ ունենալ:
Բացի այդ, մեզ մոտ մի քանի ներկրողի շուրջ բենզինի ու դիզվառելիքի մանրածախ վաճառքի, այսպես ասենք, ցանցեր են ձևավորվել: Նման պարագայում ասել, որ մեզ մոտ այս շուկայում միանգամից կարելի է շատ արագ իրավիճակ փոխել, ճիշտ չի լինի. եթե անգամ ներկրումը որոշակիորեն ազատականացվի, խոշոր տնտեսվարողների հետ մրցակցելը բարդ է լինելու»,շեշտեց մեր զրուցակիցը: Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանն ու ՀՀ կառավարության այն ակնկալիքին, ըստ որի, Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի, Թ. Ավետիսյանը նկատեց. «Որքան շատ շուկաներից կարողանանք ներկրել, այնքան ներկրման առումով միջազգային մրցակցության բարելավում կունենանք:
Սա նաև տնտեսական անվտանգության խնդիր կարող է լուծել. մեր երկրի համար, որն ունի աշխարհաքաղաքական ռիսկեր, հարևանների հետ խնդիրներ, կարևորագույն ուղղություններից մեկի՝ նավթամթերքի ներմուծման տարբերակումը շատ կարևոր է: Իսկ թե սա ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր ներքին շուկայի կայունացման, ինչպես նաև մրցակցության խթանման տեսանկյունից, կախված է ծավալներից: Ապագան ցույց կտա, թե Ղազախստանից ինչ պայմաններով և ինչ ծավալների ներկրում կունենանք. այսօր հիմնական ծավալները ներկրվում են Ռուսաստանից, Իրանից, և պարզ չէ, թե Ղազախստանից ներկրված նավթամթերքի տեսակարար կշիռն այս ամբողջ ծավալի մեջ ինչ բաժին կունենա:
Բացի այդ, հաշվի առնենք, որ միջազգային շուկայում չես կարող էապես տարբերվող գնով նավթամթերք գնել: Առհասարակ, միջազգային մրցակցությունը համահարթեցնում է նաև գները: Այսինքն, գների նվազման առումով շատ մեծ սպասումներ չունեմ, թեպետ ներկրման ուղղությունների տարբերակման, ինչպես նաև տնտեսական անվտանգության տեսանկյունից սա դրական հանգամանք է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում