«Ժողովրդի սերն ամենամեծ ձեռքբերումն է». Ռաֆայել Քոթանջյանը` ծննդյան 78-ամյակի, իրեն 50 տարեկան զգալու, լավատես լինելու և հաղթահարած դժվարությունների մասին
InterviewՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն այսօր տոնում է ծննդյան 78-ամյակը: Tert.am Life-ն այդ առթիվ զրուցել է նրա հետ անցած ուղու, դժվարությունները հաղթահարելու, ճակատագրին հավատալու, ձեռքբերումների և ընտանիքի մասին:
-Պարո՛ն Քոթանջյան, այսօր ինչպիսի՞ տրմադրությամբ եք արթնացել:
-Այսօր միակ անհանգստությունս կարանտինի երկարացումն է: Ես գործի մարդ եմ, իսկ այս վիրուսն ինձ խանգարում է աշխատել: Երևի ամենատհաճ իրավիճակն է, երբ չեմ կարողանում ժողովրդին գոհացնելու համար ինչ-որ բան անել: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կավարտվի համաճարակային իրավիճակն ու կկարողանամ հանդիպել իմ հանդիսատեսին: Շատ եմ կարոտել նրանց...
-Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել օրը:
- Հաճելի է, որ մարդկանց կողմից վստահություն կա, այսօր այնքան զանգեր, շնորհավորանքներ եմ ստացել: Ուղղակի հասկանում եմ, որ մենակ չեմ, շատերի հետ եմ այսօր, հասկանում եմ, որ իմ ապրած կյանքն անիմաստ չի անցել: Օրը կտոնեմ իմ ընտանիքում` նեղ շրջանակում: Իսկապես երջանկություն է նման ընտանիք ունենալը, իսկ ժողովրդի սերն ամենամեծ ձեռքբերումն է: Թոռնիկներս դեռ չեն հասցրել շնորհավորել, մենք մոտ ենք ապրում, բայց ոչ նույն բնակարանում: Առավոտյան արթնանում են ու գալիս են «պիկի» հետ խաղալու: Ես իրենց «պիկ»-ն եմ, այսինքն` պապիկը: Պետք է և՛ վազվզեմ, և՛ բռնոցի ու պահմտոցի խաղամ, ինչը հաճույքով եմ անում: Երջանիկ մարդ եմ:
-Գիտեմ, որ լավատես եք: Ինչպե՞ս է հաջողվել պահպանել այդ լավատեսությունն այսքան տարիներ:
-Արդեն մոտենում եմ 80-ամյակիս, բավականին երկար կյանք եմ ապրել ու միշտ լավատես եմ եղել: Այնպես է ստացվել, որ իմ լավատեսությունը միշտ է արդարացվել: Եթե կյանքում ինչ-որ իրավիճակում նավը խորտակվելիս է եղել ու ես զգացել, հավատացել եմ, որ չի խորտակվի, չի խորտակվել: Հաղթահարել եմ բազում խոչընդոտներ, դժբախտ դեպքեր, որովհետև վստահ եմ եղել` ամեն ինչ լավ է լինելու: Անգամ դեպք է եղել, երբ կյանքը ցանկացել է հրաժարվել ինձնից, բայց դա չի եղել: Աստված իրեն միշտ մոտ է պահել ինձ, ամենակարևոր պահերին կողքիս է եղել: Այդ վստահությունը մինչև հիմա ունեմ:
-Չի՞ եղել պահ, որ հանձնվեք:
-Ամենաճշմարիտ մարդկային հատկություններից մեկը հենց լավատեսությունն է: Բավական է հանձնվես ու կսկսի վատ գիծ, հետո կբազմապատկվի, կեռապատկվի: Մարդիկ կան` մտածում են, թե ինչու՞ այս կամ այն բանը պատահեց: Ինձ մոտ նման բան երբեք չի եղել: Իմ կյանքում ամենաանհավանական իրավիճակում էլ ելք է գտնվել, որովհետև հավատացել եմ այդ ելքին: Երբեմն ժամանակը փորձություն է պահանջում, բայց փորձությունը հենց այնքանով է հետաքրքիր, որ այն հաղթահարելուց հետո ուժեղանում ես, դառնում ես շատ ավելի կայացած մարդ: Երևի այս համաճարակային իրավիճակն էլ հենց այնպես չտրվեց մեզ: Մարդիկ պետք է մի տարբերակով հասկանային` ամեն ինչ մատչելի չի կարող լինել:
-Նույնիսկ բարդ իրավիճակներում չե՞ք բողոքում:
-Բողոքելը թուլացնում, ծերացնում է մարդուն ու ժամանակի հետ մարդը սկսում է մտածել, որ բողոքելը ճիշտ է: Բայց պետք է միշտ դրականորեն տրամադրվել: Եթե կա դժվարություն, այն կանցնի, չի մնա: Դա ասում եմ ես` հսկայական քանակությամբ փորձություններ անցած մի մարդ:
-Գիտեմ, որ ճակատագրին հավատում եք: Ձեր կյանքում ճակատագրական դեպքերը շա՞տ են:
-Սկսենք նրանից, որ 2 տարեկանում հայրիկս պատահաբար արդուկով հարվածել է ճակատիս: Այն ժամանակ արդուկներն այլ էին` տաքանում էին ածուխով, ծանր էին, այդ պատճառով հայրս էր ստանձնում արդուկը տաքացնելու գործը: Նրա հասակը մոտ երկու մետր էր, թիկնեղ տղամարդ էր: Դե, պատկերացրեք այդ մարդու հարվածից հետո ինչ պետք է լիներ ընդամենը երկու տարեկան երեխայի հետ: Բայց այդ երեխան լավացավ և արդեն 80 տարի է ապրում է, իսկ հարվածից մնաց մի սպի, որը տարիների ընթացքում անտեսանելի դարձավ:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ